չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա, հորդորում ենք խուճապահար գնումներ չկատարել. Գեղամ Գևորգյան

Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա, հորդորում ենք խուճապահար գնումներ չկատարել. Գեղամ Գևորգյան

Լարսը բաց է, բեռնափոխադրումներ իրականացվում են, ուստի հորդորում ենք քաղաքացիներին խուճապահար գնումներ չկատարել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների խնդիր չկա, ներմուծումները կատարվում են բնականոն կերպով։

«Լարսը բաց է, ներմուծումը նորմալ կատարվում է, բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չկա։ Մեր ուսումնասիրությունները մշտապես ցույց են տվել, որ այս ոլորտում մենք խնդիր չենք ունենա։ Հորդորում ենք քաղաքացիներին այս պահին խուճապահար գնումներ չկատարեն, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Խոշոր սուպերմարկետներում պիկ օրերին մեծաքանակ գնումներ են տեղի ունեցել, սակայն այդ ժամանակ որևէ դարակաշար դատարկ չի մնացել։Այս պահին բոլոր խոշոր առևտրային կետերում գնումների անկում է տեղի ունեցել»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով բժշկական սպիրտի և ալկոգելի առկայությանը՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ չնչին՝ մի քանի դրամով ավելացել է սպիրտի գինը, ինչը կապված է դոլարի արժևորման հետ, սակայն դա, ըստ նրա, ալկոգելի գնի վրա ազդեցություն չի ունենա։

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում դեղատներում ալկոգելի պակաս կար, քանի որ մարդիկ մեծ քանակությամբ գնումներ էին կատարում, սակայն այս պահին, ըստ Գեղամ Գևորգյանի, խոշոր դեղատնային ցանցերում կա ալկոգելի մնացորդ։ Մնացորդ կա նաև ալկոգել արտադրող ընկերություններում։  

  • Կիսվել: