հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Իշխանությունը սցենարն արդեն մտածել է․ Տիգրան Աբրահամյանը՝ Արթուր Սարգսյանի կլանքի մասին

Իշխանությունը սցենարն արդեն մտածել է․ Տիգրան Աբրահամյանը՝ Արթուր Սարգսյանի կլանքի մասին

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրավական հարթության մեջ չէ, ամբողջությամբ գծվում, մշակվում և իջեցվում է կառավարության շենքից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վերջին աղմկահարույց կալանավորումները, քննչական գործողությունները, քրեական հետապնդումները։

Այստեղ դատարանը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական հիմք ունեցող այս որոշումներում որևէ իրավական հանգուցալուծում հնարավոր չէ ակնկալել։ Արթուր Սարգսյանի հետ կապված գործն էլ ամբողջությամբ սրա շրջանակում է։ Ըստ պատգամավորի` իշխող ուժի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում, նրանց ելույթներում քաղաքական որոշումը հստակ երևում է, իշխանության ներկայացուցիչներն իրենց հրապարակումներով անգամ արդեն դատավճիռն են հուշել։

 

«Իշխանությունն արդեն փաթեթավորումն արել է, սցենարը նախապես մտածել է, դատավորի այս կամ այն անձ լինելը որևէ բան չի փոխելու։ Իշխանությունը յուրաքանչյուր իրավիճակի համար ունի կոնկրետ անձինք, որոնք թաթախված են այս թեմայի մեջ և իրենց անելիքը գիտեն»,- ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչն է պատճառը, որ տարօրինակ կերպով Սարգսյանի գործը քննվում է ոչ թե Աջափնյակի, այլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում։

 

«Յուրաքանչյուր գործով ամեն մարդ չէ, որ նախատեսված է այս քաղաքական գործերն անելու համար։ Միգուցե իրենց մոտ տեխնիկական խնդիր է առաջացել այն դատավորի հետ, որը պետք է լիներ Աջափնյակում, դրա համար այստեղ է տեղափոխվել»,- նշեց Աբրահամյանը։

 

Աբրահամյանն ասաց, թե վերջին մի քանի ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ձերբակալվածների հանցակից են համարվում լրատվամիջոցները, նաև տեղի ունեցածն ակտիվ լուսաբանող քաղաքացիները։

«Ասում են, որ եթե տեղի է ունեցել հանցագործություն և դուք գնացել, լուսաբանել եք, հետևաբար դուք էլ եք մասնակից եղել, որովհետև տեղեկատվական ապահովումը դուք եք իրականացրել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ իշխանությունների համար եթե կա թիրախ, ապա Քրեական օրենսգրքի հոդվածը կգտնվեն։

  • Կիսվել: