Գերմանիան կարող է միջուկային զենք ստանալ հաշված ամիսների ընթացքում. Գրոսի
Գերմանիան ունի անհրաժեշտ ամեն ինչ մի քանի ամսվա ընթացքում միջուկային զենք ստանալու համար: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:
Նրան հարց են ուղղել՝ որքան ժամանակ կպահանջվի Գերմանիայից միջուկային զենք ստեղծելու համար։
«Շատ կարճ ժամանակ։ Հնարավոր է, դա մի քանի ամսվա հարց լինի: Գերմանացիներն ունեն դրա համար անհրաժեշտ միջուկային նյութ, գիտեն՝ ինչպես դա անել: Նրանք ունեն բոլոր տեխնոլոգիաները», - պատասխանել է Գրոսին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դրանք ընդամենը «հիպոթետիկ ենթադրություններ են»:
ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև նշել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին հետևելը համապատասխանում է եվրոպական երկրների շահերին:
«Միջազգային հարաբերություններում ոչ մի պետություն, հատկապես հզորը, չի առաջնորդվում ալտրուիզմով: Նա գործում է՝ իր սեփական շահերից ելնելով: Եվրոպական երկրները եկել են այն եզրակացության, որ աշխարհը, որտեղ յուրաքանչյուրը կարող է միջուկային զենք ունենալ, կհանգեցնի աղետի», - բացատրել է նա:
ԱԷՄԳ ղեկավարի խոսքով՝ Արևմտյան Եվրոպայի երկրները, Ասիայի երկրներից շատերը և նույնիսկ Պարսից ծոցի որոշ երկրներ ունեն միջուկային զենք ստեղծելու ունակություններ։
«Եթե բոլորը գործեն այնպես, ինչպես ցանկանում են, ապա մենք կվերադառնանք ջունգլիների օրենքին», - ասել է նա։
Հունիսին Բունդեսթագում Քրիստոնեական-դեմոկրատական և Քրիստոնեական-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) խմբակցության նախագահ Յենս Շպանը հայտարարել էր, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Ռուսաստանին զսպելու համար, ուստի, նրա կարծիքով, Գերմանիան կամ ԵՄ-ն պետք է հասանելիություն ստանան Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցին: