Երեսուն տարվա ընթացքում մեր դեսպանատները բյուջեից մեծ գումարներ են ծախսել և տնտեսական ոչ մի օգուտ չեն տվել. Սուքիասյան
Երեսուն տարվա ընթացքում մեր դեսպանատները, որոնք գտնվել են արտերկրում և բյուջեից բավականին մեծ գումարներ են ծախսել, տնտեսական ոչ մի օգուտ չեն տվել: Ոչնչով չեն օգնել այդ դեսպանատների տնտեսական կցորդները: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա նշեց, որ հիմա, սակայն, այն, ինչ ունեցել ենք 30 տարվա ընթացքում, թողնում ենք որպես պատմություն:
՛՛Հիմա ունենք ԵԱՏՄ, ունենք դեսպանատներ, արդյոք մենք չենք գիտակցում, որ այդ դեսպանատները պետք է մի քիչ այլ կարգավիճակով աշխատեն, որովհետև խոսքը գնում է խորը ինտեգրման մասին: Այդ դեսպանատների մեծ մասի բաղադրիչը պետք է ավելի շատ տնտեսական լինի, որոնողական, թե Հայաստանի որ կառույցները տեղի որ կառույցների հետ միացնեն, որպեսզի այդ կոոպերացիան, ինտեգրացիան ստացվի, որ մենք ունենանք արտահանում-ներմուծում, որովհետև նոր պայմաններ են ստեղծվում, և այստեղ վերջերս քննարկման ժամանակ ասվեց, որ ԵԱՏՄ-ում պրոտեկցիոն շատ գործիքներ են կիրառելու, ԵԱՏՄ-ը ամեն ինչ անելու է, որպեսզի ներսում գտնվող ապրանքներն ավելի մեծ հնարավորություն ունենան, ինչպես շատ երկրներ են անում՝ աննկատ պրոտեկցիոն գործիքներ օգտագործելով:
Հիմա մեր արտաքին քաղաքական համակարգը գիտակցո՞ւմ է, որ այդ դեսպանատները, օրինակ, Բելառուսում կամ Ղազախստանում 24 ժամ պետք է աշխատեն: Լավ, իրենք չե՞ն գիտակցում , որ պետք է ամեն օր աշխատեն՝ այն ուղղությամբ, թե որ կառույցը Հայաստանից որ կառույցի հետ կապեն, որ այնտեղ իրացում իրականացնի՛՛,-նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ ելնելով այդ տրամաբանությունից՝ պետք է այդ երկրներում դիվանագիտական անձ նշանակվի, որը կարող է ինչ-որ չափով դիվանագետ, ինչ- որ՝ չափով տնտեսությունը պատկերացնող անձ լինել: Սուքիասյանի խոսքով՝ նոր գործիքներ են պետք, նոր մտածելակերպ, նոր ձևով պետք է շարժվենք, ըստ նրա՝ 30 տարին մեզ արդեն ապացուցել է, որ ոչինչ չունենք:
Նրան ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ասաց, որ պատգամավորն իր խոսքում հիշատակեց մի երկիր, որտեղ ինքը վերջերս է դեսպան եղել:
՛՛Փորձեմ թվերը ներկայացնել՝ 2018 թ-ին հայ- բելառուսական ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմում էր մոտ 48 մլն դոլար և փորձելով կիրառել մեխանիզմները, որոնք մեզ ընձեռված են Եվրասիական միության կողմից՝ մենք 2020թ-ին մեր ապրանքաշրջանառությունը հասցրեցինք 82-84 մլն-ի: Էդ հնարավորությունները, որ հիշատակեցիք կան, էդ հնարավորությունները կարելի է ավելի լայն կիրառել և ստեղծել այն դիվերսիֆիկացիոն կապուղիները, որոնք կարող են կապել մեր երկրները և դյուրացնել մեր տնտեսվարողների շփումները՛՛,-ասաց նա:
Արձագանքելով ԱԳՆ տեղակալին՝ Սուքիասյանը պատասխանեց, որ մենք խոսում ենք երկու պետությունների մասին և ասում ենք՝ 48 մլն դոլարից ապրանքաշրջանառությունը դարձել է 82 մլն դոլար: ՛՛Մեր գիտակցությամբ միայն մի կազմակերպություն կարող է այդքան արտահանում կամ ներմուծում կատարել, 82 մլն դոլարն ի՞նչ է: Դուք տեսնում եք, թե այսօր որքան գումար է բյուջեն հատկացնում: 82 մլն դոլարը ոչինչ է, երբ խոսում ենք 10 մլն բնակչություն ունեցող Բելառուսի ու 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի մասին: Դա խայտառակություն է, ես ասում եմ՝ նոր հարթակ, նոր ձևով, նոր մասնագետներ՛՛,-նշեց նա: