Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ կբանակցի TikTok-ի վաճառքի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի Չինաստանի հետ բանակցություններ կսկսի TikTok հավելվածի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ։ Այս մասին նա ասել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «գործնականում» կնքել է TikTok-ի վաճառքի գործարքը։
«Կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսենք... խոսել Չինաստանի հետ՝ հնարավոր է, նախագահ Սիի կամ նրա ներկայացուցիչներից մեկի հետ, բայց մենք գործարք ունենք»,-նշել է նա:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինքը կարող է այցելել Սի Ծինփինին Չինաստանում, կամ Չինաստանի ղեկավարը կարող է այցելել ԱՄՆ։
Անցյալ ամիս երկու երկրների ղեկավարները միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ։
Նշենք, որ TikTok-ի ամերիկյան գործառնությունները նոր ամերիկյան ընկերության մեջ առանձնացնելու գործարքը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պետք է պատկանի և կառավարվի ամերիկացի ներդրողների կողմից, կնքվել էր այս գարնանը։ Սակայն այն կասեցվել է այն բանից հետո, երբ Թրամփի՝ չինական ապրանքների վրա խիստ մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո Չինաստանը հայտնել է, որ չի հաստատի այն։