Քարաբերդում նոր ոսկու հանքի դեմ բողոքները վերածվել են բախումների. համայնքապետը հայտարարեց լսումների չեղարկման մասին (տեսանյութ)
Քարաբերդում նոր ոսկու հանքավայրի վերաբերյալ այս անգամ լսումներ էր նախաձեռնել «Զով-Գուժ» ՍՊԸ-ն։ Քարաբերդի վարչական ղեկավարը հենց սկզբից դեմ արտահայտվեց նոր հանքին՝ պատճառաբանելով, որ հայցվող տարածքը ուրանակիր է։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հրապարակեց երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանի ուսումնասիրությունը, ըստ որի Քարաբերդից հայցվող տեղանքում ուրանի պաշարներ կան։ Նախկինում բնակավայրը բազմիցս է մերժել հանքի հեռանկարն ու ընտրել գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։
Ինչո՞ւ համայնքի ղեկավարությունը հաշվի չի առնում բնակիչների կամքը, ինչո՞ւ նրանց մերժումը չի հասցնում հանքով հետաքրքրված նոր ընկերություններին՝ հարցրեց իրավապաշտպանը։ «Գործում ենք օրենքի շրջանակներում»՝ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանի արձագանքն էր Իրավիճակը թեժացավ ու լարվեց, երբ քարաբերդցիներն սկսեցին դեմ արտահայտվել նոր հանքի հեռանկարին։ Վիճաբանությունը լսումների դահլիճից դուրս տեղափոխվեց։ Կրքերը գնալով ավելի թեժացան ու վերածվեցին քաշքշուկի ու վիճաբանության։
Գյուղի երիտասարդների մի մասը, որոնք, ի դեպ, Արջուտի ոսկու հանքը շահագործող “Կոմպոզիտ Մետալ” ՍՊԸ հրավիրած նախորդ բոլոր 3 լսումներին միասնական բոյկոտում ու լքում էին լսումների վայրը, այս անգամ փորձում ճնշել դեմ արտահայտվողներին։ Իրավիճակն այնքան լարվեց, որ, ի վերջո, Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը հայտարարեց, որ լսումները չեղարկվում են։
Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ Քարաբերդում առաջացած իրավիճակը տեղական քաղաքականության բացակայության հետևանք է, երբ տասնյակ լսումները բավարար չեն համարվում։ Համայնքային իշխանությունները, ասում է, սկզբից պիտի նախաձեռնողներին ներկայացնեին համայնքի զարգացման առաջնահերթություններն ու բնակիչների մերժողական դիրքորոշումը։ Բացը օրենսդրական մակարդակում է։ Հարկավոր է Քարաբերդին տալ հատուկ կարգավիճակ, որպեսզի բնակավայրը առնվազն 5 տարով զերծ մնա հետագա լսումների հնարավորությունից։