ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության վերարտադրության մասնագետ, Արհեստական սերմնավորման վերապատրաստման դպրոցի տնօրեն Քևին Բուսքեթին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, նա Հայաստան է ժամանել «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանում արհեստական սերմնավորման ոլորտի զարգացման հնարավորությունները դիտարկելու և քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

World Wide Sires կազմակերպությունը զբաղվում է տոհմային ցլերից սերմնահեղուկի ստացումով և իրացմամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: 2004 թվականից սկսած World Wide Sires կազմակերպությունը, համագործակցելով CARD հիմնադրամի հետ, նշանակալի դերակատարում է ունեցել ՀՀ արհեստական սերմնավորող մասնագետների վերապատրաստման և ԽԵԿ սերմնավորման տարածման գործում:

517565345_1168135588689156_4932018431025545_n.jpg (108 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում անասնաբուծության ոլորտի ներկա վիճակին ու հետագա զարգացմանը, այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն ու Կառավարության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետական օժանդակության ծրագրերի, մասնավորապես՝ Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի իրականացումը, որի նպատակն է բարելավել ՀՀ մի շարք մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը և բարձրացնել մթերատվությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են մասնագիտական այցեր ինչպես խոշոր ֆերմերային, այնպես էլ փոքր գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև դասընթաց արհեստական սերմնավորման, սինքրոնիզացիայի և սերմնավորման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

  • Կիսվել: