Երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի՛ հավաքվեք ,այդ կանոնը պետք է վերաբերի բոլորին. Մարուքյան
«Իմ առաջարկը երեկ մտքումս ծնվեց վարչապետի հայտարարությունից հետո, երբ գիշերը հայտարարեց, որ այսօր ավելի խստացվելու են միջոցառումները ռեստորանների, սրճարանների հետ կապված, շինարարությունները, տեքստիլն է դադարեցվելու»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իր առաջարկին, թե ԱԺ-ում մնան միայն հանձնաժողովների անդամները, որպեսզի քվորում չլինի և օրակարգը չհաստատվի, իսկ նիստը կգումարեն այն ժամանակ, երբ դուրս կգանք արտակարգ դրությունից։
«Ես կարծում եմ՝ խորհրդարանի օրակարգում այսօր չկան այնպիսի հարցեր, որոնք հրատապ են, իսկ խորհրդարանը կարող է քաղաքական համաձայնության արդյունքում չգումարել նիստեր՝ քվորում չապահովելով: Ես առաջարկում էի, որ ԱԺ խորհուրդը՝ մեկը ես, ԱԺ նախագահը, փոխխոսնակները, հանձնաժողովի նախագահնեը, ֆրակցիայի ղեկավարները մնան շենքում, մնացածին ուղարկենք տուն և օպերատիվ կապի միջոցներով կապ պահենք բոլորի հետ և եթե անհրաժեշտ լինի, հավաքվենք և նիստ անենք: Սրա մասին էր առաջարկը, ոչ թե՝ ես գնամ տանը նստեմ, մնացածը աշխատեն»,- ընդգծեց Մարուքյանը։
Մինչդեռ, ըստ նրա, առաջարկը լավ չընդունվեց և առիթ դարձավ ինչ-որ մարդկանց համար հերոսանալու, որ իրենք կաշխատեն:
Դիտարկմանը՝ առաջարկն այն մասին էր, որ վարակը չտարածվի, բայց ինքը և այլ պատգամավորներ տարրական կանոները չեն պահպանում, օրինակ՝ դիմակ չեն կրում, պատգամավորն արձագանքեց. «Ես անդադար սպիրտով և այլ միջոցներով ձեռքերս լվանում եմ: Դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է, բազմաթիվ նյութեր էլ եմ կարդացել, եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ բոլորն էլ վարակվելու են։ Ցուցումը հետևյալն է՝ մի՛ հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները կիրառեք, բայց եթե դու առաջին՝ հավաքվելու ցուցումը խախտում ես, մնացած ցուցումներն անիմաստ են դառնում, հետևաբար, քանի որ մենք հավաքված ենք, անիմաստ է այստեղ դիմակներով ման գալը»:
Էդմոն Մարուքյանը նաև ասաց, որ ողջունում է վարչապետի առաջարկը՝ սրճարանների, ռեստորանները փակման։
«Երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի՛ հավաքվեք ,այդ կանոնը պետք է վերաբերի բոլորին։ Ես շատ եմ լսել, սոցցանցերում էլ ասում են՝ եթե խնդիր լինի խորհրդարանում նիստեր չեն անի, եթե նիստեր են անում, իրենք լուրջ չեն վերաբերվում, երբ իրենք լուրջ չեն վերաբերվում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվեն։ Սրա մասին է խոսքը»,- նշեց նա: