Ախալքալաքի ֆինանսական հաստատությունները, չնայած արտակարգ դրությանը, շարունակում են աշխատել, սակայն, այցելուների թիվն այնտեղ քչացել է, և կազմակերպություններում հաճախորդների հոսքը վերահսկվում է կամ ոստիկանության, կամ էլ հենց աշխատակիցների կողմից, գրում է jnews.ge/-ն

Ախալքալաքում բանկերն ու միկրոֆինանսական կազմակերպություններն աշխատում են իրենց սովորական ռեժիմով, չնայած այցելուները քչացել են, և նրանց մուտքն ու ելքը կարգավորվում է ոստիկանության կողմից: Ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց հավաքվել մի տեղ և խնդրում են կանգնել միմյանցից հեռու:

Ախալքալաքի «Liberty» բանկը, համեմատած այլ բանկերի հետ, մարդաշատ է: Եվ դա կարելի է հասկանալ, քանի որ բոլոր թոշակառուները և շատ ուսուցիչներ այստեղից են փող ստանում: Համապատասխանաբար այստեղ կան ավելի շատ իրավիճակը վերահսկող ոստիկաններ: Ոստիկանը դրսում հերթերի համարներ է բաժանում, և մարդիկ մեկ-մեկ մտնում են բանկ: Մարդիկ գալիս են այնտեղ տարբեր ծառայություններ ստանալու համար՝ ինչ-որ մեկի պլաստիկ քարտի ժամկետն է լրացել, մյուսին հարկավոր է դրամական փոխանցում ստանալ, կամ էլ գալիս են այլ հարցերով:

Դրսում թոշակն ու աշխատավարձերը տալիս է շարժական բանկը՝ մեքենայից, մի կողմից՝ կենսաթոշակը, մյուս կողմից՝ աշխատավարձերը: Աշխատակիցներն աշխատում են դիմակներով և ձեռնոցներով:

Հերթ կանգնած թոշակառուների մեծ մասը նախապես սպասում էր 100 լարիին՝ ապրիլյան թոշակից, որը հաշվեգրվել է միայն 70 տարեկան և բարձր կենսաթոշակառուներին:

Մի կին սպասում էր իր հերթին, որպեսզի ստանար այդ 100 լարին, բայց հետո պարզվեց, որ նրան չի հասնում:

«Ես եկել եմ ապրիլի թոշակս ստանալու, փողը միշտ էլ պետք է, նոր իմացա ու եկա, բայց չտվեցին, ասում են, որ ինձ չի հասնում, 70 տարեկան չկամ», – ասաց նա:

Սուլդա գյուղից ամուսնական զույգը ցանկանում էր կենսաթոշակ ստանալ պլաստիկ քարտով և եկել էին այն ձևակերպելու նպատակով:

«Մարտ ամսվա թոշակը մենք գյուղում ստացել ենք, մեքենան գալիս է ու բաժանում: Ապրիլինը չենք ստացել, չենք ուզում, ինչի համար, կծախսենք, իսկ հետո ինչ ենք անելու, կստանանք ապրիլին», – ասացին նրանք:

Խավեթ գյուղից Լեյլան նույնիսկ մարտ ամսվա թոշակը չի ստացել, քանի որ քարտի ժամկետն անցել է, և ահա նա կանգնած է այն փոխելու համար: «Լիբերթի բանկ»-ից, սակայն, հաղորդել էին, որ քարտերի ժամկետները ավտոմատ կերպով կերկարաձգվեն, որպեսզի հաճախորդները ստիպված չլինեն գալ բանկ:

«Լավ է, որ տալիս են նաև ապրիլի կենսաթոշակը, ուզում եմ մթերք գնել՝ ալյուր, շաքարավազ, մի տոպրակ ալյուրն ասում են արդեն 60 լարի արժի: Ասում են, որ ևս 100 լարի հավելյալ գումար են փոխանցում, չգիտեմ», – ասում է նա:

Տղամարդը եկել էր ապրիլ ամսվա կենսաթոշակը ստանալու, բայց նրան չտրվեց տարիքի պատճառով, նա վրդովված էր:

«Ինչ է, 69-ամյա մարդը թոշակառու չէ, ուտել չի ուզում, ամեն ինչ թանկացել է»:

«Georgia» բանկը մարդաշատ չէր, «Liberty»-ի հետ համեմատ: Ընդամենը չորս հոգի էին կանգնած միմյանցից հեռավորության վրա և սպասում էին իրենց հերթին: Այս ամենը վերահսկում են դիմակներով ոստիկանները:

«TBC» բանկում նույնպես շատ քիչ մարդ կար, մեր ներկայության ընթացքում երկու հոգի էին, նրանք դրսում կանգնած սպասում էին:

«Credo»-ում և «FINCA»-ում նույնպես մարդկանց թույլ էին տալիս մտնել հերթով և վերահսկում էին իրավիճակը, բայց արդեն կազմակերպությունների աշխատակիցները, այլ ոչ թե ոստիկաննները:

Այս օրերին, երբ Վրաստանում կորոնավիրուսի (2019-nCoV) կանխարգելման համար հայտարարվել է արտակարգ դրություն, Ախալքալաքում կյանքի ռիթմը նույնպես փոխվել է: Սկզբում մարդիկ դրան լուրջ չէին վերաբերվում և պատասխանատվությամբ չէին մոտենում, բայց վերջին օրերին իրավիճակը փոխվել է: Դա նկատելի է արդեն քաղաքում շրջելիս, որտեղ դիմակներով մարդիկ ավելի են շատացել:

bank liberti