Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակված 2-ամսական երեխայի վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիր 290 անձանց թվում կան նաև դպրոցահասակ երեխաներ, այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ վարակակիր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց հիվանդությունը նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ։
«Շատ է այդ մասին խոսվել, որ երեխաները կարող են լինել վարակի տարածման աղբյուր, բայց նրանց օրգանիզմի վրա վիրուսի ծանր ազդեցության դեպքեր նկարագրված չեն, չկա», -հավելեց
Թորոսյանը՝ հերքելով, այն տեղեկությունները, որ վարակակիրների թվում 2 ամսական երեխա կա։ Նախարարը նկատեց, որ շատ մարդիկ կարծում են, որ կարող են դիմակայել վարակին ու ընդգծեց, որ ամենևին չպետք է հանգիստ լինել, թե վարակը իրենց չի սպառնում, իրենց մոտ բարդություններ չի առաջացնի։
Նրա խոսքով, այդ մարդիկ կարող են վարակակիր լինել մյուսների համար, նրանց համար ովքեր խոցելի են վարակի նկատմամբ։ Պաշտոնյան հորդորեց պահպանել առողջապահության նախարարության կողմից վերջին օրերին հաճախ տրվող ցուցումները՝ պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել հիգիենան փռշտալու, հազալու դեպքում, շփումները երկար ժամանակ պետքէ ակտիվ չլինեն։
«Խնդիրը լուծելու ժամկետ որևէ մեկը չի կարող կանխատեսել։ Մեր այս վարքագիծը պետք է պահենք մի որոշ ժամանակ՝ մինչև կլինի վակցինա, կամ վարակի նահանջ», ընդգծեց նախարարը։