Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգուր Օզելը կրկին առաջարկել է այս տարվա նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։
Օզելը նշել է, որ ընդդիմությունն ունի իր սեփական նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Ավելի վաղ Օզելը հայտնել էր, որ ընդդիմությունը հավաքել է ավելի քան 20 միլիոն ստորագրություն՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար։
Իսկ ահա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ կառավարության օրակարգում չկա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
Արձագանքելով Օզգյուր Օզելի արտահերթ քվեարկության կոչերին՝ Էրդողանն ասել է. «Ես նրան (Օզելին) կրկին հիշեցնում եմ։ Քանի որ Սահմանադրությունը և ընտրական օրենքը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ Պարոն Օզել, դուք կարող եք ունենալ ձեր սեփական տեսլականը և կարող եք մատով ցույց տալ օրացույցի ցանկացած կիրակին և ասել, որ այդ ժամանակ պետք է ընտրություններ անցկացվեն։ Սակայն իշխանությունները և ժողովուրդը նման օրակարգ չունեն»։