ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արև ամպրոպից հետո՞․ Անչելոտիի նախախաղային ասուլիսը

Արև ամպրոպից հետո՞․ Անչելոտիի նախախաղային ասուլիսը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կարևոր խաղի մասին։ Նա նշել է, որ թիմը պետք է ցուցադրի ինտենսիվ խաղ՝ պայքարելու առաջնության տիտղոսի համար։

«Մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրենք։ «Ատլետիկը» հիանալի ֆուտբոլ է խաղում և մոտ է Եվրոպա լիգայի եզրափակիչին։ Մենք պատրաստվել ենք և ցանկանում ենք շարունակել պայքարը Լա Լիգայում»,- ասել է Անչելոտին։
 

Մարզիչը հերքել է ակումբի հետ հակասությունների մասին լուրերը՝ ընդգծելով, որ իր և «Ռեալի» ղեկավարության միջև հարաբերությունները միշտ եղել են գերազանց։ «Այն, ինչ խոսում են ակումբի հետ կոնֆլիկտի մասին, ճշմարտություն չէ։ Նախագահը միշտ աջակցում է ինձ, հատկապես դժվար պահերին»,- նշել է նա։

Հայտացուցակը

Դարպասապահներ: Կուրտուա, Լունին, Ֆրան Գոնսալես
Պաշտպաններ: Ալաբա, Լուկաս Վասկես, Վալյեխո, Ֆրան Գարսիա, Ռյուդիգեր, Ասենսիո
Կիսապաշտպաններ: Բելինգհեմ, Կամավինգա, Վալվերդե, Մոդրիչ, Չուամենի, Արդա Գյուլեր, Սեբալյոս
Հարձակվողներ: Վինի Ջունիոր, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ

Անչելոտին խոսել է նաև թիմի նպատակների մասին՝ ընդգծելով, որ չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Ակումբային աշխարհի առաջնությունը կարևոր մրցաշարեր են։ Նա շնորհակալություն է հայտնել խաղացողներին՝ վերջին տարիներին երկու Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճելու համար։

Ինչ վերաբերում է թիմի խնդիրներին, մարզիչը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել պաշտպանական կայունությունը։ «Վերջին խաղերում շատ գոլ ենք բաց թողել։ Մրցաշրջանի վճռորոշ հատվածում կայունությունը կօգնի մեզ պայքարել տիտղոսների համար»,- ավելացրել է նա։

Անչելոտին խուսափել է խոսել իր ապագայի մասին՝ նշելով, որ այդ հարցը կքննարկվի մրցաշրջանի ավարտին։ Նա նաև հերքել է Բրազիլիայի հավաքականի հետ կապված խոսակցությունները։

Աղբյուրը՝ «Ռեալի» պաշտոնական կայք, փոխանցում է armsport.am-ը:

  • Կիսվել: