հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ

ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումային և հումանիտար ոլորտներում։

ԱՄԷ նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Էմիրությունները մեծապես կարևորում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ են համատեղ քայլեր ձեռնարկել փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության։

ՀՀ վարչապետը և ԱՄԷ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը և հնարավորինս շուտ ստորագրման հույս հայտնել: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման և միջազգային անվտանգությանը նպաստելու գործում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: