Արևելյան գործընկերության երկրները և ԵՄ-ն կանաչ և ավելի դիմակայուն տնտեսությունների հանձնառություն են ստանձնում
Եվրոպական միության, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները 2025 թ․ հուլիսի 8-ին առցանց ձևաչափով մասնակցել են «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման» ծրագրի առաջին տարածաշրջանային համաժողովին։ Այս առանցքային հանդիպումը եզրափակում էր ծրագրի մեկնարկային փուլը և սկիզբ դնում տարաշաշրջանային և ազգային մակարդակներով ծրագրի աշխատանքային պլանների իրականացմանը՝ հանուն Արևոլյան գործընկերության երկրներում ավելի կանաչ, ավելի դիմակայուն և ավելի մրցունակ տնտեսությունների։
Եվրոպական միության կողմից 21․2 միլիոն եվրո ֆինանսավորմամբ «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման ծրագիրը» աջակցում է ԵՄ թեկնածու (Մոլդովա և Ուկրաինա) և ակտիվ գործընկեր (Հայաստան) հանդիսացող երկրներին՝ խթանելու շրջակա միջավայրի պահպանության և կանաչ աճի նրանց ընդհանուր հանձնառությանը։ Ծրագիրը հիմնվում է Արևելյան գործընկերության երկրներում ջրերի կայուն կառավարման բարելավման, շրջանաձև տնտեսության բարեփոխումների և ԵՄ բնապահպանական ստանդարտների հետ ներդաշնակեցման ուղղություններով ԵՄ-ի կողմից` ավելի քան մեկ տասնամյակ ցուցաբերված աջակցության արդյունքների վրա։
Տարածաշրջանային համաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրներից ծրագրի ազգային համակարգողները, ԵՄ հաստատությունների, ԵՄ անդամ երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունները, պետական շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
2025 թվականի փետրվար-մարտ ժամանակահատվածում ծրագրի մասնակից երկրներում կազմակերպվել են մեկնարկային հանդիպումներ, տեխնիկական առաքելություններ և քննարկումներ, ինչը հնարավորություն է ընձեռել սահմանել գերակա կարիքները, համաձայնեցնել կառավարման կարգավորումները և մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլանները:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև առկա երկարաժամկետ համագործակցությունը։ Իր խոսքում տկն Աբրհամյանը կարևորեց նաև ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով շրջակա միջավայրի ոլորտում ստանձնած պարտավորությունների իրականացման աջակցությունը, ներառյալ ջրային ռեսուսրների համապարփակ կառավարման կարողությունների հզորացումը։
Տարածաշրջանային համաժողովը հաստատեց ազգային և տարածաշրջանային մակարդակներով սահմանված գերակայությունները, քննարկեց ծրագրի տարբեր բաղադրիչների և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգման մեխանիզմները, ինչպես նաև բացահայտեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ նախաձեռնությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հնարավորությունների՝ «Թիմ Եվրոպա» սկզբունքին համահունչ։