Կապան ֆեստը հայտարարում է ծրագրային փոփոխությունների մասին․ արտիստը հոսպիտալացվել է
Հուլիսի 4-ից Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների ամենօրյա բազմաժանր համերգներով, ինչպես նաև նրանց կողմից ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով։
Փառատոնի կազմակերպիչները, երաժիշտները և հանդիսատեսը սպասում են նաև աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումներին, որոնք նախատեսված էին հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին։ Սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ արտիստը հոսպիտալացվել է՝ երկարատև հյուրախաղերից հետո գերհոգնածության պատճառով, և բժիշկները նրա համար առաջիկայում անցանկալի են գնահատվել հեռավոր ուղևորությունները։ Այդուհանդերձ, «Մարթա Արգերիխ և ընկերներ» համերգային ծրագիրն ուժի մեջ է, քանի որ նրա ընկերներից Իդո Բար Շայը և Հոնգհայեկ Լիմը հանդես են գալու Կապան ֆեստին։
Մարթա Արգերիխն իր ընկերոջը՝ փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանին, որի հրավերն ընդունելով՝ պատրաստվում էր այցելել Կապան, փոխանցել է, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, հայցում է հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանում առաջիկայում այցելել Հայաստան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ նախատեսված ելույթներով։
«Մարթա Արգերիխի այս ուղերձը նշանակում է՝ մենք պահպանում ենք ծրագիրը, և առաջիկայում անպայման կընդունենք լեգենդար դաշնակահարուհուն, իսկ նրա մասնակցությամբ համերգներն ընդամենը հետաձգված են, - ընդգծեց Սևակ Ավանեսյանը՝ շեշտելով, - Հետաձգվող երեք համերգների նոր ամսաթվերը կհայտարարվեն։ Իսկ հիմա «Կապան ֆեստ - 2025»-ը հայտարարում է աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցության մասին»։
Վադիմ Ռեպինը աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկն է։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրդիվարիուսի 1722 թվականին կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա 2014 թվականից իր հիմնադրած Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Կապան ֆեստ - 2025-ի շրջանակներում հուլիսի 14-ին ծրագրված է Վադիմ Ռեպինի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ հուլիսի 15-ին՝ կամերային կազմով