Տրամադրված 64.5 միլիարդ դրամից միայն 8-ն է իրացվել. արցախցիների բնակարանային խնդիրները մնում են չլուծված
Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը։ Չնայած ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշեց ևս երկու ամսով շարունակել բնակապահովության աջակցությունը (40,000 դրամի չափով), արցախցիները և նրանց շահերը ներկայացնող կառույցները պնդում են՝ ընթացիկ ծրագրերն ունեն մի շարք թերություններ։
Նույնն ընդունում է նաև կառավարությունը՝ այժմ համագործակցելով նոր ձևավորված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» հետ՝ աջակցության ծրագրերի բարելավման նպատակով։
Ֆորմալ առումով գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը։ Վերջին տվյալներով՝ այդ ծրագրի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 865 անձի, որոնցից բնակարան ձեռք է բերել ընդամենը 63-ը։
Արցախցիներն այսօր գերադասում են ունենալ առանձին ավաններ կամ թաղամասեր, սակայն նրանց համար դա պարտադիր չէ․ հիմնական ակնկալիքն այն է, որ աջակցությունն արդյունավետ կազմակերպվի, և մարդիկ կարողանան գնել բնակարան։
Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ՝ պարզելու, թե ՀՀ-ում հաստատված արցախցիներին տրամադրված աջակցությունն ինչ ծավալների է հասնում և որքանն է դրանցից իրացվել։
Ըստ փոխվարչապետի գրասենյակից ստացված պատասխանների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրված միջազգային աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 165 մլն ԱՄՆ դոլար կամ 64.5 միլիարդ դրամ։
Այդ աջակցությունը ստացել են ինչպես ՀՀ բյուջեի ուղիղ փոխանցումների միջոցով (օրինակ՝ Չինաստանից, Լատվիայից, Լիտվայից և ԵՄ-ից), այնպես էլ բնաիրային օգնության տեսքով կամ միջազգային կազմակերպությունների և դոնորների (ՄԱԿ, ԿԽՄԿ, ՀԿ-ներ) միջոցով։
«Ուղիղ բյուջետային աջակցություն. ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց» աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի և Լատվայի կառավարությունների կողմից համապատասխանաբար 305,000 և 100, 000 եվրոյի և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կողմից 1մլն ԱՄՆ դոլարի չափով:
Միաժամանակ, Հանրապետության նախագահի՝ 2024 թ. Հունիսի 24-ի N ՆՀ-194-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին հատկացվել է 15 մլն եվրո դրամաշնորհ (2024թ. դեկտեմբերին համաձայնագրում կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է ևս 25 մլն եվրո բյուջետային աջակցություն), որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրման և վերջիններիս սոցիալ-տնտեսական ներառմանն ուղղված քաղաքականության իրագործմանը:
Բյուջետային աջակցության վարկերի արտոնյալության աստիճանը բարձրացնելուն ուղղված միջոցներ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ուղղությամբ առկա գործիքակազմի բացահայտման և դրանց կիրառման հնարավորությունների շուրջ միջազգային ֆինանսական գործընկեր կառույցների հետ տարված աշխատանքների արդյունքում 2023 թ. Դեկտեմբերի 11-ին Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Conecssional Financing Facility») շահառու: 2024թ. Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում տրամադրվող 92.3 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցները լրացվել են «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում հավաքագրված ԱՄն դոլարի դրամաշնորհային միջոցներով»:
Սակայն հարցման պատասխանում նշվում է, որ այդ գումարներից այս պահի դրությամբ միայն շուրջ 8 միլիարդ դրամն է իրացվել, այդ թվում՝
960 մլն դրամ՝ առաջնային սպառողական ծախսերի հոգալու նպատակով,
6.8 մլրդ դրամ՝ կեցության և այլ ծախսերի համար։
Այսպիսով, փաստացի՝ ԼՂ-ում տեղի ունեցած պատերազմի և զանգվածային տեղահանությունից ավելի քան մեկ տարի անց, տրամադրված միջազգային աջակցության միայն 12%-ն է ուղղվել արցախցիների աջակցությանը։
Հետաքրքիր հակադրություն է ի հայտ գալիս, երբ համեմատում ենք այս պատկերն Արցախի Հանրապետության գոյության տարիների պետական աջակցության տվյալների հետ։
Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է նաև ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պարզելու, թե ինչ ծավալի աջակցություն է տրամադրվել Արցախին 2018-2023 թվականներին։
Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ այդ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից Արցախի Հանրապետությանը հատկացվել է 647,642,7 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 647.6 միլիարդ դրամ։
Տարեկան բաշխվածությունը հետևյալն է.
2018 թ.՝ 51.4 միլիարդ դրամ
2019 թ.՝ 57.8 միլիարդ դրամ
2020 թ.՝ 82.6 միլիարդ դրամ
2021 թ.՝ 128.8 միլիարդ դրամ
2022 թ.՝ 176 միլիարդ դրամ
2023 թ.՝ 151 միլիարդ դրամ
Այս տվյալները թույլ են տալիս տեսնել՝ երբ Արցախն ուներ պետականություն, Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն տարեցտարի մեծացրել է ֆինանսական աջակցությունը։ Իսկ հիմա, երբ արցախցիները զրկված են իրենց հայրենիքից և անմիջական կարիքի մեջ են, տրամադրված աջակցության իրացումն ընթանում է դանդաղ ու ոչ համակարգված։