երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Գազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվել

Գազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվել

Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 1-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, որոնցից 11-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այսպիսով, մեկ օրվա զոհերի թիվը հասել է 95-ի, որից 39-ը զոհվել է Գազայի հյուսիսում գտնվող ծովափնյա սրճարաններից մեկի թիրախավորման հետևանքով։

ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Ուսամա Համդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ շարժումը միջնորդների միջոցով ներկայացրել է համապարփակ տեսլական, որը կհանգեցնի համապարփակ համաձայնագրի, ներառյալ Գազայի հատվածի վրա ագրեսիայի դադարեցման, անցակետերի բացման: Նրա խոսքով, սակայն, Իսրայելը «անզիջում կերպով խանգարել է դրան»։

Նա նշել է, որ օրական մահացությունների թիվը հասնում է 100-ի՝ հավելելով, որ շարժումը շարունակում է արձագանքել ագրեսիային։

Գազայի առողջապահության նախարարությունը հաստատել է մենինգիտի հարյուրավոր դեպքեր՝ մտահոգություն հայտնելով հիվանդության տարածման առնչությամբ։

Ըստ գերատեսչության՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 500-ի, իսկ վիրավորներինը՝ 133 642-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: