Երբ դիմակավորները hարձակվել էին Մայր Աթոռի վրա, Երևանի 40%-ը հոսանքազրկվել է, կառավարությունը «ռուբիլնիկը» քաշել է, որ ասեք՝ ճիշտ են անում, որ ՀԷՑ-ը խլում են. Մանուկյան
Այս նախագիծը մեկ բանի մասին է՝ ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու են օրենքները: Այս մասին ԱԺ ամբիոնից ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Դիմում եմ այն գործարարներին, բոլորդ հիշեք, ցանկացած ձեր՝ իշխանությանը ոչ հաճող խոսքից հետո բերելու են այս օրենքը փոխեն։ Սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվել, իրականում քաղաքական հետապնդման ռեկետի նպատակով, իշխանությունը չի խորշել գնալ նույնիսկ խայտառակությունների: Մի քանի օր առաջ էր Մայր Աթոռի դեմ այդ բերետավորները, դիմակավորները գրոհում էին սելջուկների պես, նույն պահին Երևանում մոտ 40% հոսանքը գնաց։
Ոչ թե գնաց պատահաբար, վթար էր, այլ ուղղակի կառավարության, պետության հսկողության տակ եղած բարձրավոլտ էլեկտրացանցերը ռուբիլնիկը քաշեց, որ բոլորդ ջղայնանաք ու ասեք՝ ճիշտ են անում, որ ՀԷՑ-ը խլում են: Դիմում եմ նաև պատգամավորներին՝ տեսե՛ք, նախագիծը ՔՊ-ինն է, կառավարությունը բազմաթիվ կետերով վերապահումներ է դրել, որը ես համոզված եմ երեք ժամվա մեջ չի լրամշակվելու»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ այս վերապահումներն արդյունքում մնալու են որպես փաստաթուղթ:
«Վաղը, մյուս օրը, երբ չլինեք իշխանություն կամ շարունակեք մնալ իշխանություն, երբ սեփականատերերը դատի տան, դատ շահեն, կառավարությունը ասելու է՝ ախպեր, ես ձեզ զգուշացնում էի, և ամբողջ պատասխանատվությունը մնալու է քաղաքական մեծամասնության վրա»,- ասաց նա։