երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է. Ավետիսյան

Ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է. Ավետիսյան

ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է, իսկ տրանսպորտի վճարը չմուծելու դեպքում տուգանքը 15 հազար դրամ. 3 անգամ տուգանվելուց հետո քաղաքացին կմնա առանց փող։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
 
Թադևոս Ավետիսյանը նախ դժգոհեց, որ փոխնախարարն այնպես ներկայացրեց նախագիծը, որ սովորական քաղաքացիները վստահաբար չհասկացան` ինչի մասին է այն։
 
«Պարզ ասեիք` եթե տրանսպորտի թանկացված վարձավճարը չվճարեք, ապա կտուգանվեք։ Հուսով եմ` միայն տուգանքով կսահմանափակվեք հետո էլ մի նոր նախագիծ չեք բերի, օրինակ` քրեական պատասխանատվության ենթարկելու մասին կամ երկրից արտաքսելու։ Հիմա` տուգանքի չափը որքա՞ն է լինելու։ Նաև` այդ ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ ուղեվարձի չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամի չափով։
«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչից կամ արտոնությունից, ապա այս դեպքում սահմանվում է կրկին 15 հազար դրամի տուգանք։ Սահմանվում է 3000 դրամի տուգանք, եթե ունի նման արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում»,– պարզաբանեց փոխնախարարը։
Ավետիսյանը նրանից նաև հետաքրքրվեց` վերջին անգամ ե՞րբ է հանրային տրանսպորտից օգտվել այս թանկացումից, նոր համակարգի ներդրումից հետո։
«Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Օրինակ` ես «Telsell»–ից գնել էի մեկանգամյա տոմս, սակայն վալիդատորը այն չճանաչեց։ Այսինքն` եթե ձեր տեսուչներն այնտեղ լինեին, ինձ տուգանելո՞ւ էին։ Հիմա ինչ եք անելու` քաղաքացուն հիմա էլ քաշքշուկի առարկա՞ եք դարձնելու»,– նկատեց պատգամավորը։
Ի պատասխան փոխնախարար Սիմոնյանն ասաց, որ ընդամենը երկու ժամ առաջ` ԱԺ գալուց է օգտվել հանրային տրանսպորտից։
 
«Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, ապա դրանց առաջացման դեպքում անձը պատասխանատվության չի ենթարկվի»,– վստահեցրեց նա։
 

  • Կիսվել: