Բաքուն ՌԴ իրավապահներին մեղադրում է ադրբեջանցիների սպանության մեջ. հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանությունների ենթադրյալ դեպքերի առթիվ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և երկու անձանց առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի, Ներքին գործերի նախարարության և Սվերդլովսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում անցյալում կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ և այս քաղաքի տարբեր հասցեներում բնակվող ադրբեջանական ծագում ունեցող անձինք»,- ասված է Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիները և ադրբեջանական ծագում ունեցող անձինք կոշտ բութ առարկաներով ենթարկվել են խոշտանգումների և ծեծի, նրանց ազատությունը սահմանափակվել է Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-հետախուզական գործունեության լիազորված պաշտոնյաների կողմից։
«Արդյունքում, դիտավորյալ և առանձնակի դաժանությամբ սպանվել են երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա Հուսեյն Սաֆարովը, որը զբաղվում էր մանր բիզնեսով և մահացել է Եկատերինբուրգի ներքին գործերի վարչական շենքում, ինչպես նաև նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադին Սաֆարովը, որը տաքսու վարորդ էր և մահացել է օպերատիվ հաստատության ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։
Հետաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սաֆարով Հուսեյն Մեհթի օղլուն մահացել է ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով, այդ թվում՝ կողերի բազմաթիվ կոտրվածքներից և հետվնասվածքային շոկից, իսկ նրա եղբայրը՝ Սաֆարով Զիյադին Մեհթի օղլուն, մահացել է բազմաթիվ վնասվածքներից, որոնք առաջացել են հետվնասվածքային շոկի հետևանքով։
Հաստատվել է, որ կան Ադրբեջանի Հանրապետության այլ քաղաքացիներ, որոնք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել Ռուսաստանի Դաշնության լիազորված օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից ձերբակալված բազմաթիվ անձանց նկատմամբ նույն կերպ կատարված խոշտանգումների հետևանքով և ներկայում բուժում են ստանում Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող բժշկական հաստատություններում:
Հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել։
Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջազգային իրավունքի համաձայն իրավական օգնության հարցումներ կուղարկի համապատասխան պետություններին և կապահովի անհրաժեշտ համագործակցությունը հետաքննությունների արդյունավետ անցկացման, հանցագործների նույնականացման և քրեական հետապնդման համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների և պաթոլոգիկ անատոմիայի միության տնօրեն Ադալյաթ Հասանովն էլ հայտարարել է, որ մահացած Սաֆարով եղբայրների դիակների՝ Ադրբեջանում իրականացված փորձաքննության արդյունքները չեն համապատասխանում Ռուսաստանում իրականացված փորձաքննության տվյալների հետ։
Հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Լրագրողների խոսքով՝ անվտանգության ուժերի կողմից մի քանի տասնյակ մարդ տարվել է՝ «նախորդ տարիների դեպքերի» հետաքննության կապակցությամբ: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երկու եղբայրներ՝ Հուսեյնը և Զիյադինը և ևս ութ մարդ վիրավորվել են ծեծի ենթարկվելուց հետո: Տղամարդիկ, որոնց բժիշկները չեն կարողացել փրկել, զբաղվել են ռեստորանային բիզնեսով, նրանք «Կասպիան» ռեստորանի սեփականատերն էին: Ռուսաստանի լրատվամիջոցները նշում են, որ ՌԴ ԱԴԾ գործողությունը կարող է կապված լինել 2001 թվականին ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործի հետ։
Այս միջադեպից հետո կտրուկ սրվել են հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանում չեղարկել են ռուսական բոլոր մշակութային միջոցառումները, հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության գրասենյակում՝ ձերբակալելով գործակալության 2 աշխատակցի։ Ադրբեջանում նրանց մեղադրում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու մեջ։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, իսկ հուլիսի 1-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է կանչվել ՌԴ ԱԳՆ։