Երևանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի կորուսյալ թանգարանների կատալոգների ստեղծման ծրագրի շնորհանդեսը
Լեռնային Ղարաբաղի կորուսյալ թանգարանների կատալոգների ստեղծման ծրագիրը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 8-ին Երևանում, հնարավորություն կտա առցանց հարթակում ծանոթանալ Շուշիի դրամի թանգարանի, Քանդակի միջազգային պուրակի, Արցախյան գորգի թանգարանի, Երկրաբանության պետական թանգարանի հավաքածուներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացնում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը։
«Բազմիցս ընդգծել ենք մշակութային ժառանգության փաստագրման անհրաժեշտությունը։ Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության բազմաթիվ շերտեր փաստագրված չեն, հաշվառված չեն և վիզուալիզացված չեն, ուստի այդ ժառանգության փաստագրման գործում ունենք հետևյալ հինգ կարևոր բաղադրիչները, որոնցով զբաղվում է մեր կազմակերպությունը։ Դրանցից է կորուսյալ թանգարանների հավաքածուները, որոնք պետք է փաստագրվեն, հաշվառվեն։ Մենք ունենք շուրջ 30 թանգարան և արվեստի գործերի հավաքածուներ, որոնք կորուսյալ են մինչ օրս։ Ունենք մեծ խնդիր կորստից փրկելու տարհանման ժամանակ փրկված մշակութային ժառանգությունը։ Բազմաթիվ մարդիկ իրենց հետ Արցախից տեղափոխել են ընտանեկան կամ հանրային արժեք ունեցող մշակութային նմուշներ, որոնք մեծ վտանգի տակ են, որովհետև մարդիկ կա՛մ վաճառում են դրանք, կա՛մ արտագաղթում են ու տանում իրենց հետ»,-նշեց ՀԿ-ի նախագահ, ԼՂ մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել միասնական տեղեկատվական բազա, որտեղ կընդգրկվի հուշարձանների մասին ամբողջական տեղեկատվությունը, որը հանրայի կլինի։ Փաստագրման մյուս մասը, որով փորձում են զբաղվել, ԼՂ-ում տասնյակ տարիներ գործող կատարողական արվեստի խմբերի մշակութային արդյունքի պահպանումն է՝ երգեր, պարեր, բեմադրություններ, որոնց տեսագրությունները կան, բայց դրանք պետք է մեկ տեղեկատվական հարթակում ընդգրկել։
Անդրադառնալով թանգարաններին՝ նա շեշտեց, որ 2020 թվականի պատերազմից և տեղահանության ժամանակ Լեռնային Ղարաբաղում մնացել է 17 պետական թանգարան, 5 արվեստի հավաքածու, 6 մասնավոր թանգարան, Շուշի քաղաքում՝ 12, Հադրութի շրջանում՝ 4, Մարտունու շրջանում՝ 3, Մարտակերտի շրջանում՝ 2, Ասկերանի շրջանում՝ 2 և Ստեփանակերտ քաղաքում՝ 5։ Շահվերդյանը շեշտեց, որ տվյալները վերջնական չեն, քանի որ բազմաթիվ անհատներ ունեցել են արվեստի արժեքավոր հավաքածուներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ «Երբ խոսում ենք կորուսյալ թանգարանների և արվեստի գործերի հավաքածուների թվաքանակի մասին, ասում ենք՝ շուրջ 30, դա կարող է դառնալ 35 կամ 40»,-շեշտեց նա։
Ծրագրի ավարտից հետո կունենան Շուշիի 10 թանգարանի վերստեղծված կատալոգներն ամբողջական, որոնք վիզուալիզացված կլինեն և հասանելի համացանցում։ Շուշիի երկու թանգարան այս անգամ չի հաջողվել վերստեղծել, սակայն ծրագրի հաջորդ փուլում կփորձեն անել դա։ Խոսքը Շուշիի պատմության թանգարանի և Շուշիի քաղաքային պատկերասրահի մասին է։
«Մեզ հաճախ են հարցնում, թե ինչպես ենք վերստեղծում կորուսյալ թանգարանների կատալոգները, եթե այդ թանգարանները չկան, փաստաթղթեր չկան։ Համագործակցում ենք թանգարանների տնօրենների, աշխատակիցների հետ, որոնք ինստիտուցիոնալ հիշողության կրող են, իսկ այդ հիշողությունը թույլ է տալիս վերստեղծել այդ ցանկերը, հետո հավաքագրում ենք այդ թանգարանների լուսանկարները՝ հանրային կոչով դիմելով հասարակությանը։ Շատ կարևոր է, որ հասարակությունն ակտիվություն է ցուցաբերում, հավաքագրված լուսանկարներից դուրս են բերվում առանձին ցուցանմուշներ, որոնք նույնականացվում են ու վերստեղծվում են կատալոգները, որոնք հասանելի են։ Այս ծրագրի շրջանակում մեր կատարած աշխատանքի արդյունքներն են՝ Շուշիի դրամի թանգարան՝ 963 ցուցանմուշ, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 963 ցուցանմուշի 90 տոկոսը վիզուալիզացվել է։ Հաջորդը Քանդակի միջազգային պուրակն է։ Այն ունի 51 քանդակ, Արցախյան գորգի թանգարանը։ Մենք հաճախ ենք ասում, որ Գորգի թանգարանը փրկվել է, և ցուցանմուշները բերվել են Երևան, սակայն՝ ոչ բոլորը։ Թանգարանի 568 ցուցանմուշ մնացել է Շուշիում։ Հաջորդը Երկրաբանության պետական թանգարանն է, որն ունի 592 առարկա»,-տեղեկացրեց Սերգեյ Շահվերդյանը։
Նա ընդգծեց՝ ծրագիրն իրականացնում են, քանի որ պարտավոր են պահել հիշողությունը, ինքնությունը։ «Դա անհրաժեշտ է անել, քանի որ վստահ եմ՝ վաղ, թե ուշ Ադրբեջանը ՀՀ-ին մշակութային ժառանգության վերաբերյալ ներկայացնելու է պահանջներ, պետք է հակափաստարկներ ունենալ։ Շատ կարևոր է այն, որ այդ թանգարանները ոչ միայն մշակույթի հավաքածուներ էին, այլև սեփականություն էին։ Այդ կատալոգներն աջակցելու են, որպեսզի սեփականության իրավունքի պահպանումն իրականացվի։ Ներկայացված թանգարաններից որոշները հիմնված էին մասնավոր սեփականության վրա։ Մենք պատրաստում ենք փաստաթղթերի ծրար, որպեսզի սեփականատերերը կարողանան իրենց իրավունքները վերականգնել»-հիշեցրեց Շահվերդյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցել են ծրագրի իրականացմանը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1224356