Ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարության մեջ, քան բռնապետական հետնախորշում․ Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում տիրող իրավիճակի հետ կապված որոշ հարցադրումների․
«Շատերը հարցնում են` էս ինչ է կատարվում Ազգային ժողովում: Ասեմ` ինչ է կատրվում: Տեռորիստները, որոնք առանց բռնության դուրս են շպրտվել իշխանությունից, ուզում են բռնությամբ վերադառնալ իշխանության, որ նոր բռնություններ ձեռնարկեն:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ահաբեկիչների փամփուշտը միայն պաշտոնյաներին պիտի խոցեր, սխալվում է: Այդ փամփուշտը արձակվելու էր իշխանության ուղղությամբ, բայց գնդակահարելու էր բազմաթիվ այլ մարդկանց, այդ թվում՝ գուցե նրանց, ովքեր այսօր ասում են` դե հերիք ա էլի, զզվացրեցիք ձեր կռիվներով: Կհարցնեք` ոնց էր խոցելու ուրիշներին:
Ասեմ. սկզբից զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը: Հետո սադրելու էին պատերազմ ու նորանոր զոհեր: Եվ հայտնի չէ, թե հայ զինվորները ո՞ր ռազմաճակատում էին կռվելու, ու՞մ համար: Հետո վերադառնալու էր նախկին թալանը, բայց նոր թափով, նոր ախորժակով: Ով հասցրել էր մի քիչ ոտքի կանգնել, ծնկի էին բերելու, ունեզրկելու և դարձնելու պանդուխտ: Ով չէր հասցրել ոտքի կանգնել, սպանելու էին կանգնելու հույսը: Ահա թե ինչ էր լինելու, եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր:
Բայց չի հաջողվել, կանխվել է` շնորհիվ մեր իրավապահների: Հիմա, այդ հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել:
Կներեք, որ այդ պրոցեսը մի քիչ աղմկոտ է: Մեզ էլ հասկացեք` մեր դիմաց ոչ թե քաղաքական գործիչներ են կանգնած, այլ հանցագործ տեռորիստներ:
Ավելի լավ է պետության գործերին խառնվեն նյարդերը, քան փամփուշտները: Եվ ի վերջո` ավելի լավ է ապրել աղմկոտ ժողովրդավարության մեջ, քան բռնապետական հետնախորշում»։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում առավոտյան տեղի էր ունեցել հրմշտոց, որն սկսվել էր այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի քննարկման շրջանակում հայտարարել էր, որ պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ գնալու է եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին: