չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մեր երկրում կա միայն մեկ պետական լեզու, և դա որևէ դեպքում չի կարող փոխվել. Անդրեասյան

Մեր երկրում կա միայն մեկ պետական լեզու, և դա որևէ դեպքում չի կարող փոխվել. Անդրեասյան

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նրան, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը չի վավերացրել Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության պայմանագիրը, և հավելել էր, որ Հայաստանի վարչապետի մոտ բարձրացրել է այդ հարցը ,և Նիկոլ Փաշինյանը խոստացել է իմպուլս հաղորդել այդ հարցին։

Այս առնչությամբ նախարարն ասել է. ՛՛Չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել՛՛:

Լրագրողների հարցին՝ սա ի՞նչ պայմանագիր է, Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է միանալ այդ պայմանագրին, և դա ի՞նչ է իրենից ենթադրում, Անդրեասյանը պատասխանել է. ՛՛Տարբեր նախագծեր կան որ շրջանառվում են այդ հարթակներում, դա հերթական նախագծերից մեկն է,որ շրջանառվել է, այդ թվում տարբեր գերատեսչություններում՝ արդարադատության նախարարություն, ԱԳՆ, մյուս գործընկերներ։ Մենք որոշակի դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ, սա կարծում եմ շատ աշխատանքային պրոցես է։ Նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որպեսզի քննարկվեն և լավարկվեն։ Կարծում եմ, որ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումները արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը։ Այս փուլում այս ձևով նախագծում վերաբերյալ որոշ դիտարկումներ կային։

Գիտեք, որ մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևորագույն լեզու է ռուսերենը և բնականաբար այդ լեզվի իմացությունը խթանում է նաև օրինակ տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները։ Հերթական նախաձեռնությունն է, որը ուղղված է այս կապերի ամրապնդմանը և նաև ռուսերենի իմացության բարելավմանը։ Բայց էլի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից ու աշխատանքային գործընթացում՛՛։

Հարցին՝ արդյոք սրանով ռուսաց լեզվին Հայաստանում ինչ-որ նոր կարգավիճակ տրվու՞մ է, թե՞ ոչ, Ժաննա Անդրեասյանը պատասխանել է. ՛՛Ոչ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։ Ավելին, մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաև ամրապնդելու է հայերենի, որպես պետական լեզվի կարգավիճակը։ Որովհետև մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում, և լեզվական քաղաքականության հայեցակարգը, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը և ամրապնդմանը։

Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաև հայերենի թվային կենսունակությանը, որովհետև տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաև թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենով այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում այն ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի։ Բյուջետային նոր ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը՛՛։

 

  • Կիսվել: