Սերբիայի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Ուկրաինա
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր այցելել է Ուկրաինա, տեղեկացնում է Euronews-ը՝ հավելելով, որ 12 տարվա նախագահության ընթացքում դա նրա առաջին այցն է այդ երկիր։
Ինչպես հայտարարել է Սերբիայի նախագահի գրասենյակը՝ մեկօրյա այցի ընթացքում Վուչիչը կմասնակցի Օդեսայում կայանալիք Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողովին:
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ գագաթնաժողովին կմասնակցեն Հարավարևելյան Եվրոպայի 12 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Նշենք, որ Սերբիան ներկայանում է որպես չեզոք երկիր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, սակայն վերջերս Վուչիչի այցը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցելու Հաղթանակի օրվա շքերթին, արժանացել է Բրյուսելի խիստ քննադատությանը: ԵՄ ղեկավարությունը կտրուկ նախազգուշացրել է՝ նշելով, որ Վուչիչի այցը Մոսկվա կխախտի ԵՄ անդամակցության չափանիշները և հնարավոր է վնասի Միությանն անդամակցելու գործընթացին։