Անդրեասյանը ներկա է գտնվել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը: Ցուցադրությանը ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է միջազգային թանգարանային համագործակցության առիթով, որը, ըստ նրա, դարձել է բարի ավանդույթ:
«Ուրախ եմ, որ Հայաստանի պատմության թանգարանի և Դրենսի թանգարանի միջև տարիներ առաջ սկսված համագործակցությունը շարունակվում է: Ներկայացված ցուցանմուշները վեր են հանելու մեր բազմաշերտ պատմությունը, մշակույթների միջև կապերը՝ ճանապարհ բացելով նոր համագործակցությունների համար: ՀՀ կառավարությունը խրախուսում է թանգարանների միջազգային համագործակցությունը, քանի որ այն որակապես փոխում է թանգարանային ոլորտի աշխատանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա գնահատմամբ՝ այս ցուցադրությունները նաև որոշակի ուսուցման գործընթացներ են՝ որպես գաղափարների փոխանակում, և ենթադրում են թանգարանների համար նոր հեռանկարների բացում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը, Դրենցի թանգարանին հաջող համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ապագայում համատեղ նոր ծրագրեր կիրագործվեն:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է նաև Հայաստանի պատմության թանգարանի գործուն ջանքերը շուրջ 105-ամյա կառույցի դինամիկ զարգացումն ապահովելու գործում:
«Հայաստանի Հանրապետության հրապարակում գտնվելը նաև պատասխանատվություն է․թանգարանը գտնվում է պետության սրտում, որը պետք է անընդհատ բաբախի: Իսկ դրա համար կարևոր են նոր գաղափարները և դրանց իրագործման միջավայրը»,- խոսքը եզրափակել է նախարարը:
Նոր համագործակցության կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը: Նրանք ևս շնորհակալություն են հայտնել գործընկերներին համատեղ ջանքերի համար և հույս հայտնել, որ ապագայում նոր ցուցադրություններ կկազմակերպվեն:
«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի հունիսի 3-ից և կգործի մինչև օգոստոսի 30-ը: