Հայկ Մարությանը իր բաժնեմասերը հավատարմագրային կառավարման չի հանձնել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։
Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։
Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
2020 թվականի մարտի 6-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։
«Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է անհամատեղելիության պահանջի խախտում։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»: