Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երրորդ անգամ Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետին: Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն հայտնել է՝ Վաշինգտոնի հետ աշխատում են այլ երկրների հետ, որոնք պատրաստ են «ավելի լավ ապագա» ապահովել պաղեստինցիների համար և ընդունել նրանց իրենց մոտ: Ըստ Նեթանյահուի՝ նրանք, ովքեր ցանկանում են մնալ, կարող են մնալ Գազայի հատվածում պաղեստինյան անկլավում, բայց հեռանալ ցանկացողները պետք է նման հնարավորություն ունենան:
Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ գործակցում են Իսրայելի հարևան երկրների հետ: «Շուտով ինչ-որ լավ բան տեղի կունենա»,- ասել է Թրամփը:
Թրամփն ավելի վաղ առաջարկել էր պաղեստինցիներին վերաբնակեցնել այլ երկրներում, իսկ Գազայի հատվածը վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»: Պաղեստինցիները քննադատել էին առաջարկը և նշել՝ երբեք չեն լքի իրենց տները:
Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է՝ կցանկանար չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, երբ դրա ժամանակը գա: Նա հայտնել է ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունների մասին: Ըստ Թրամփի հատուկ բանագնացի՝ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Սպիտակ տանը հանդիպման ընթացքում Նեթանյահուն նաև Թրամփին է փոխանցել նամակի օրինակ, որն ավելի վաղ ուղարկել է Նոբելյան կոմիտե՝ ԱՄՆ նախագահի թեկնածությունը առաջադրելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
Թրամփի հետ հանդիպումից առաջ Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ: Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կմեկնի Կատար՝ միանալու քննարկումներին:
Թրամփի և Նեթանյահուի հանդիպման ընթացքում հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքվել Սպիտակ տան մերձակայքում՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը և վերջ դնել պատերազմին Գազայի հատվածում: