երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
«Սասնա Ծռերի» գործողությունը երբեք չենք արդարացրել. Ռուբեն Ռուբինյան

«Սասնա Ծռերի» գործողությունը երբեք չենք արդարացրել. Ռուբեն Ռուբինյան

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ես դեմ եմ, որ այն ժամանակվա իշխանությունը «Սասնա Ծռերին» որակում է որպես ուղղակի ահաբեկիչների, ու շարունակում է, որ իշխանությունը չի հասկանում, որ սա արտահայտումն է այս երկրում տիրող իրավիճակի: Ուղղակի ասել, որ նրանք ահաբեկիչներ են, և քննարկում չծավալել հանրային դաշտում առկա քննարկումների վերաբերյալ, սխալ է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե երբ «Սասնա Ծռերը» մտել էին ՊՊԾ գունդ, և մարդ էր սպանվել, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Սասնա Ծռերի» գործողությունը ահաբեկչություն չի որակում:

«Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերի» գործողությանը, մենք դա երբեք չենք արդարացրել: Եթե հիշում եք 2016 թվականին, երբ այդ գործողությունները տեղի էին ունենում, Նիկոլ Փաշինյանը (և մեր թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը») այնտեղ կոչ է արել մարդկանց՝ չդիմել որևէ բռնության, ասել է, որ պետք է լինի բաց ձեռքերի պայքար, հետո, երբ «Սասնա ծռերը» չհամաձայնեց մեր ասած տրամաբանության հետ, մենք ուղղակի հեռացանք»,- հիշեցրեց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

  • Կիսվել: