երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Նրանք հասարակ, դասական սրբապիղծ ահաբեկիչներ են. Վահագն Ալեքսանյան

Նրանք հասարակ, դասական սրբապիղծ ահաբեկիչներ են. Վահագն Ալեքսանյան

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե իշխանությունն է սադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո առաջացած քաշքշոցն ու հրմշտոցը:

Պատգամավորը խորհուրդ տվեց ուշադիր նայել տեսանյութերը, նկատեց՝ դահլիճից դուրս գալիս պատգամավորը ակնհայտորեն լուռ դուրս չէր գալիս նիստերի դահլիճից:

«Էլ չեմ ասում, թե ամբիոնից ինչեր էր ասում՝ պատիվ, թասիբ, նման բաներ էր ասում: ԱԺ ամբիոնից չի կարելի ինչ ուզել ասել»,- ասաց Ալեքսանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեկ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազին ուղղած հարցադրումը, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Գառնիկ Դանիելյանի հետևից չի՞ պատրաստվում գալ, մեկնաբանվում է որպես ուղիղ ցուցում իրավապահներին, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նկատեց՝ ցանկացած բանական մարդ, որը այդ 77 էջը կարդացել է, կտեսնի այդ անունները այդտեղ:

«Դա հարց է, որը տեղ ունի գոյություն ունենալու»,- նկատեց նա՝ հավելելով, թե տեղյակ չէ՝ արդյոք նրանք կոնկրետ այդ մի զրույցի՞ն են մասնակցել, թե՞ այլ գործողությունների էլ են մասնակցել:

Նա խորհուրդ տվեց լսել Արթուր Սարգսյանի մասնակցությամբ ԱԺ կայքում տեղադրված ձայնագրությունները:

«Հիմա ես ձեզ հարց եմ տալիս. 60 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի անիվը որ պատռվում է, դա, առանց քննարկման, բերելու է վթարի, հիմա վթարի ընթացքում մարդ կմահանա, հղի կին կամ երեխա կմահանա, այդ սրբապիղծներին հետաքրքիր չի եղել, որովհետև նրանք հասարակ, դասական սրբապիղծ ահաբեկիչներ են»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք ձայնագրությունները մոնտաժված չե՞ն, պատգամավորը չհամաձայնեց:

«Կոնկրետ այն հատվածները, որոնք ամբողջական ներկայացված են, դրանք հնարավոր չեն: Դրանից առաջ կամ հետո կարող է անպետք կտորներ կան, կտրել են: Բայց այդ էջուկեսանոց հատվածները, որտեղ ընթացքի ժամանակ մեքենաների անիվները ծակելն են քննարկել, այդ հատվածն ակնհայտորեն մոնտաժված չէ»,- ասաց Ալեքսանյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վերջնական պնդումներ անելու համար անհրաժեշտ չէ՞ դատարանի վճիռ, պատգամավորը տվեց դրական պատասխան, նշեց՝ դրա համար վերջնական պնդումներ չի անում, այլ ասում է՝ պլանավորում էին անել՝ ըստ այդ խոսակցությունների:

«Բայց ինքնին այդ խոսակցությունն ունենալը արդեն ինձ համար բավական է՝ ասելու համար, որ այդ մարդիկ պարզապես սրբապղծություն են պլանավորել: Ակնհայտորեն, իրենց քաղաքական նախնիներին ու Նաիրի Հունանյանին զիջում են որոշակի առումով, որովհետև Հունանյանը՝ որպես դաշնակ տեռորիստ, շատ ավելի արդյունավետ է գործել: Վստահ եմ՝ իրենք թաքուն երկրպագում են նրան»,- հավելեց նա:

  • Կիսվել: