երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի. Վահագն Ալեքսանյան

Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի. Վահագն Ալեքսանյան

Աշխարհում տեռորիստներն ասոցացվում են վախկոտության, ճղճիմության, մարդկային ամենացածր արժեքների և առհասարակ անսկզբունքայնության հետ, որովհետև թույլ, ստոր, վախկոտ, նենգ, ողորմելի մարդը կարող է գնալ և տոռորիզմ իրականացնել: Վառ օրինակն այս դահլիճում, այս շենքում իրականացված «հերոսներն են», որոնք, ի դեպ, սերում են Դաշնակցությունից: Այդ մասին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Պատիվ-թասիբ ունեցող մարդը տեռորիզմի հետ չի կարող գործ ունենալ, որովհետև ցանկացած տեռորիզմ անսկզբունքայնության դրսևորում է, ցանկացած տեռորիզմ պատվի ի սպառ բացակայության դրսևորում է: Ցանկացած տեռորիզմ մարդու ցածրագույն արժեքի մասին վկայող բան է, որովհետև տեռորիզմի ժամանակ թքած ունես՝ ում ես սպանում: Տեռորիզմի ժամանակ անմեղ մարդկանց, պատահական մարդկանց սպանում ես կամ կյանքին ու առողջությանը ծանր, ծանրագույն վնաս ես պատճառում, ինչ է թե՝ նպատակներիդ հասնես»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Ալեքսանյանը հայտարարեց՝ ամեն հանցագործի ու ստահակի հասնելու է արդարադատությունը. «Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի: Ցանկացած մեկը, ով հայ ազգին կանվանի «անասուն», նրա լեզուն կչորանա: Ցանկացած մեկը, ով հետևորդներին կասի «էշ», այստեղ արդեն թող հետևորդները մտածեն»:

  • Կիսվել: