Բնում խեղդելու ենք ՀՀ ժողովրդից ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու յուրաքանչյուր փորձ. Արթուր Հովհաննիսյան
Ըստ էության, Ազգային ժողովում ընդդիմությունը բեմադրեց այն, ինչ պետք է աներ ՀՀ տարբեր հատվածներում, բայց առանց աստղիկների, ներկերի ու յուղերի: Մեզ չվառեցին, «չգյուլլեցին» ընդդիմադիրները, որովհետև Ազգային ժողով մտնելուց առաջ ստուգվում են, անցնում են մետաղորսիչի միջով:
Այդ մասին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Հոկտեմբերի 27, Մարտի 1, Լեռնային Ղարաբաղի հանձնում, նոյեմբերի 9, ահաբեկչական ակտի նախապատրաստում: Էս ամեն ինչի հետ, ոնց պտտվում ենք, առնչվում են, հնչում են հետևյալ անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշնակցություն: Այս անունները դաջված են այս իրադարձությունների վրա:
Եվ հիմա այս մարդիկ, դեռևս ունենալով շունչ, փորձում են վերջին վատությունը անել Հայաստանին, և ահա իրավապահները հայտնաբերել են, և հուսանք՝ կանխել են այն չարիքը, որ սրանք պետք է բերեին մեր գլխին»,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթին ու հրապարակված ձայնագրություններին՝ նկատեց՝ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններում նրանք սկզբում աղոթել են, հետո «եկեղեցականը քննարկում է, թե ինչպես պետք է գյուլլի մարդկանց, անիվները ծակի, անկանխատեսելի վթարներ առաջացնի, որ կարող է մահ առաջացնել այն մարդկանց համար, որոնց ինքը կնքել է, որոնց ամուսնացրել է»:
«Հասկանո՞ւմ եք այս մարդկանց սրբապղծության մակարդակը, թե նրանք որքան թքած ունեն ամեն ինչի վրա: Սա է այս մարդկանց բարոյական պատկերը՝ «գյուլլել» էն մարդկանց, վթարի ենթարկել այն մարդկանց երեխաներին ու ծնողներին, ում դու ամուսնացրել ես»,- ասաց Հովհաննիսյանը:
Դիմելով Արթուր Սարգսյանին, որը այսօր ԱԺ-ում իր ելույթի վերջում հայտարարեց, թե որոշել է պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն գնալ իր 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին, Հովհաննիսյանը հարց ուղղեց նրան՝ բա ինչու նա չէր մտածում այլ երեխաների մասին, երբ փորձել է մեքենաների անիվները պատռել, ներկեր լցնել ավտոմեքենաների վրա:
«Չէի՞ր մտածում, որ այդ մեքենաների մեջ կարող է քո ընկերոջ տղան լինի, քո հարազատը: Սա ևս մեկ ցուցիչ է, թե դուք ով եք ընդհանրապես: Ձեր այդ 4 երեխաներից մեկի դասընկերը, այդ երեխաներից մեկի ծնողը կարող էր լինել այդ մեքենաներից մեկի մեջ: Ձեր խմբակցություններից որևէ մեկը կարող էր լինել, օրինակ, այդ մեքենաներից մեկում:
Ո՞վ եք դուք: Հեռու մնացեք մեզանից, մեր երեխաներից, մեր տներից»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա համոզմունք հայտնեց՝ կատարվածը մի մեծ պլանի մաս է՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր:
«Այս մարդիկ եկել են, ամենատարբեր սցենարներով փորձում են Հայաստանը դարձնել գուբերնիա, բայց այդ ակտերը չեն ստացվել ու չեն էլ ստացվելու: Բնում խեղդելու ենք յուրաքանչյուր նման փորձ՝ ՀՀ ժողովրդից իշխանությունը խլելու, ՀՀ ինքնիշխանությունը խլելու, Հայաստանը գուբերնիա դարձնելու»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: