«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։
Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։
Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական մշակութային ինքնատիպությունը և ֆրանսիական արվեստի նրբերանգները։ Նախաձեռնությունն ուղղված է՝
- հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը.
- նորարարական լուծումների խթանմանը.
- ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեության աջակցությանը։
Միջոցառման ընթացքում նախատեսված են՝
- ժամանակակից հագուստի ցուցադրություն՝ ոգեշնչված Ազնավուրի արվեստից.
- համերգային ծրագիր՝ մշակութային հույզերով և երաժշտական արտահայտչականությամբ.
- ազգային հագուստի ցուցադրություն՝ հայ նորաձևության ժառանգական շերտերի ու ժամանակակից մեկնաբանությունների ներկայացմամբ։
Ցուցադրությունը, միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում է ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։
«Ֆրանսիական ռիթմեր» ծրագրի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը և ստեղծագործական ոլորտների զարգացմանը նպաստող նոր հարթակների ձևավորումը՝ միավորելով արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներին։
Ծրագիրը կշարունակվի նաև Վրաստանում և Չեխիայում։