Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքը. Սլյուսար
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այսօր ցերեկը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նա նշել է, որ քաղաքում «պայթյուններ են որոտացել», նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
«Այս պահին արտակարգ արձագանքման ծառայությունները գտնվում են դեպքի վայրում․ կազմակերպվել է հրդեհի մարման աշխատանքը»,-գրել է Սլյուսարը:
Ուկրաինական մոնիտորինգային ալիքների և Astra-ի տվյալներով՝ ԱԹՍ-ների հարվածը հասցվել է Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանին՝ Ռուսաստանի հարավի խոշորագույն ՆՎԳ-ներից մեկին, որի նախագծային հզորությունը տարեկան մինչև 7,5 միլիոն տոննա նավթ է։
Անօդաչուների հարվածը ՆՎԳ-ում ուժգին հրդեհ է առաջացրել, որի վրա ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Ըստ Supernova+-ի տվյալների՝ գործարանում 6-ից 10 պայթյուն է որոտացել։
Ռուսական Z-ալիք «Վոենկոր Կոտենոկը» պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանին Storm Shadow թևավոր հրթիռներով։


