կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Իրանի և Հայաստանի սահմանը կարող է վերածվել Իրանի կարևոր առևտրային միջանցքի. Ղադերի

Իրանի և Հայաստանի սահմանը կարող է վերածվել Իրանի կարևոր առևտրային միջանցքի. Ղադերի

Իրանի Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամը, ընդգծելով Իրանի առևտրային ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Հայաստանի հետ ընդհանուր սահմանը ռազմավարական ներուժ ունի արտահանման զարգացման, երկրին անհրաժեշտ ապրանքների մատակարարման և Ռուսաստանի ու Հյուսիսային Կովկասի երկրների հետ տնտեսական կապերի ընդլայնման համար, գրում է parstoday.ir-ը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ջաֆար Ղադերին, անդրադառնալով Իրանի դեմ վերջին պատերազմի ընթացքում ստեղծված սահմանափակումներին և տնտեսական շրջափակում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերին, ասել է․ «Տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու համար Իրանը պետք է օգտագործի երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և արևմուտքում գտնվող իր բոլոր սահմանային հնարավորությունները և արտաքին առևտուրը չսահմանափակի միայն հարավային ուղիներով»։

Նա հավելել է․ «Հայաստանի հետ սահմանը կարող է վերածվել իրանական ապրանքները հյուսիսային շուկաներ արտահանելու, ինչպես նաև երկրի համար անհրաժեշտ հումքի, մեքենաների և սարքավորումների ներմուծման կարևոր ուղու։ Արաքս գետի վրա գտնվող կամուրջների զարգացումը, նոր տարանցիկ ուղիների ստեղծումը և երկկողմ համագործակցության ամրապնդումը նույնպես կնպաստեն այս ներուժի ակտիվացմանը»։

Ղադերին, մատնանշելով Իրանի և Հայաստանի պատմական ու մշակութային կապերը, կոչ է արել երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխըմբռնումները վերածել գործնականում իրականացվող պայմանագրերի և առավելագույնս օգտագործել համատեղ հանձնաժողովի հնարավորությունները։

Նա նաև սահմանային շրջանների տնտեսական աշխուժացման համար անհրաժեշտ է համարել մաքսային և տրանսպորտային խոչընդոտների վերացումը, ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների համալրումը և ներդրումային փաթեթների ապահովումը։

  • Կիսվել: