ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները:
Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։
ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Հիմք ընդունելով այդ որոշումները՝ խորհուրդը կասեցրել է Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները մինչև քրեական վարույթների ավարտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։



