Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտներին
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ հութիների «Անսար Ալլահ» շարժման խոսնակ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախում են եղել Էր Ռիադի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» նավթատարի պոմպակայաններից մեկը։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ԱԹՍ-ներով։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Եմենում իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության ֆոնին։ Երկրի բնակչության մեծ մասը վերահսկող և Իրանի աջակցությունը վայելող հութիները պարբերաբար հարվածում են Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներին և Էր Ռիադի աջակցությունը ստացող Եմենի կառավարական ուժերին։ Սաուդյան Արաբիան և Եմենի կառավարական ուժերն էլ հարվածներ են հասցնում հութիների դիրքերին։



