Կիևում ռուսական հարձակումից հետո զանգվածային հոսանքազրկումներ ու ջրանջատումներ են
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6,000-ը, առանց ջեռուցման է մնացել քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական զանգվածային հարվածի հետևանքով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ կան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրա խոսքով՝ քաղաքային ծառայությունները գործում են արտակարգ ռեժիմով, կոմունալ ծառայությունների աշխատակիցները վերականգնել են մոբիլ կաթսայատներից ջեռուցումը սոցիալական հաստատություններում, մասնավորապես՝ հիվանդանոցներում և ծննդատներում։
Իր հերթին Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ձախ ափին և տարածաշրջանի որոշ հատվածներում արտակարգ անջատումներ են իրականացվել, իսկ աջ ափին ժամային անջատումների գրաֆիկներ են գործում։ Ավելի ուշ ДТЭК էներգետիկ ընկերությունը պարզաբանել է, որ հարձակման հետևանքների և ցանցի գերբեռնվածության պատճառով ամբողջ քաղաքում արտակարգ անջատումներ են իրականացվել։ Դեսնյանսկի, Դնեպրովսկի, Դարնիցկի և Գոլոսիևսկի շրջանների 417,000 ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։


