շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Ռուսաստանը հայտարարել է եվրոպացիների բանակցային խմբի վերաբերյալ պայմաններ չառաջադրելու մասին

Ռուսաստանը հայտարարել է եվրոպացիների բանակցային խմբի վերաբերյալ պայմաններ չառաջադրելու մասին

Ռուսաստանը եվրոպացիների համար պայմաններ չի առաջադրի նրանց բանակցային խմբի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով բանակցություններին եվրոպական կողմի մասնակցության հնարավորությանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք կարող և չենք ցանկանում պայմաններ դնել նրանց բանակցային խմբի վերաբերյալ։ Հարցը նման կերպ ներկայացնելը բացարձակապես սխալ է»:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Կրեմլում կայացած հանդիպումից հետո ներկայացուցիչները մեկնել են Դուբլին, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ եվրոպացիները փորձում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին, սակայն նրանք պետք է որոշեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։ Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ երկխոսության ձևաչափի ընդլայնման մասին որոշում կարող է կայացվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը տեսնի, որ Եվրոպան պատրաստ է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։

Քուշներն էլ իր հերթին հավելել է որ եթե եվրոպացիները կարողանան համաձայնության գալ մեկ միասնական բանակցողի շուրջ, դա ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան եթե Ռուսաստանը համաձայնի նրանց մասնակցությանը բանակցություններին։

  • Կիսվել: