Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, 2025 թվականի հուլիսի 7-ին մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։
Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։
ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ օրենքի մշակման աշխատանքներին կարևոր տեխնիկական աջակցություն կտրամադրի նաև Շվեդիայի քիմիական գործակալությունը (KEMI)։ Օրենքի ընդունումը կդառնա կարևոր քայլ Հայաստանի բնապահպանական օրենսդրությունը Եվրոպական միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանեցնելու, հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Նախաձեռնությունը մեկնարկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական դիմումի հիման վրա, որով նախարարությունը դիմել էր «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում աջակցություն համար այս կարևոր ոլորտին։ Այս նախաձեռնությունը նախագծի լայն նպատակների մաս է կազմում, որոնք ուղղված են կանաչ քաղաքականության բարեփոխումներին, պետական կարողությունների զարգացմանը և կանաչ տնտեսության կայացմանը նպաստող ներդրումների ու նորարարության խթանմանը։
«Նոր օրենքի ընդունումը բխում է ոչ միայն մեր երկրի ներքին օրակարգից, այլև՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, ներառյալ բնապահպանական կոնվենցիաները և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Օրենքը կոչված է ապահովելու միջազգային չափանիշներին համահունչ վերահսկման և կառավարման մեխանիզմների ներդրում՝ բարձրացնելով պետական վերահսկողության արդյունավետությունը և խթանելով տնտեսական կայուն զարգացումը։Այս նախաձեռնությունը ոչ միայն իրավական ակտի մշակման գործընթաց է․ այն քաղաքական կամքի, պատասխանատվության և ապագայի հանդեպ ունեցած տեսլականի արտահայտություն է։ Սա հերթական վկայությունն է այն հանձնառության, որ Հայաստանը որդեգրել է՝ դառնալու առավել անվտանգ, կայուն ու միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր»,– նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը։
SEI-ի կողմից «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Քրիստինա Քոլոմանը կարևորեց տեխնիկական գործընկերությունը.
«Մեզ համար պատիվ է աջակցել Հայաստանին այս հավակնոտ նախաձեռնության իրականացման հարցում։ Մեր միջազգային և տեղական փորձագետները սերտորեն կհամագործակցեն հայկական հաստատությունների հետ՝ ստեղծելու արդյունավետ օրենսդրություն, որը միաժամանակ կհամապատասխանի եվրոպական լավագույն փորձին և տեղական կարիքներին»։
«Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակումը կարևոր հանգրվան է Հայաստանի համար։ Քիմիական նյութերի կառավարման ամուր օրենսդրության ընդունմամբ Հայաստանը հիմքեր կստեղծի տնտեսական արդիականացման և ԵՄ-ի հետ հետագա խորացված ինտեգրման համար։
Շվեդիայի քիմիական գործակալության միջազգային բաժնի ղեկավար Լին Պերսոնն ընդգծել է․
«Շվեդիայի քիմիական գործակալությունը մեծ փորձ ունի տարբեր երկրների հետ քիմիական նյութերի ոլորտի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցում։ Մենք անհամբեր սպասում ենք հայկական թիմի հետ համատեղ աշխատանքի մեկնարկին՝ քիմիական նյութերի կանխարգելիչ վերահսկողության ամրապնդման և ԵՄ պահանջներին համապատասխանեցման համար»։
«Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի խոսքով՝ այս նախագիծը ոչ միայն իրավական կարևոր քայլ է, այլև հանձնառություն է խորհրդակցական մոտեցմամբ ներգրավելու արդյունաբերության, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին:
«Օրենքի մշակման գործընթացը ներառելու է լայնածավալ խորհրդատվություններ շահառուների հետ, կարողությունների զարգացման սեմինարներ և տեխնիկական վերլուծություններ, ապահովելու համար օրենսդրության համապատասխանությունն ինչպես միջազգային չափանիշներին, այնպես էլ տեղական պահանջներին»,- ասել է նա: