Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խաղաղություն է ցանկանում Մերձավոր Արևելքում, և պատրաստ է երկխոսության միջոցով լուծելու Վաշինգտոնի հետ բոլոր տարաձայնությունները, սակայն, նրա կարծիքով, Իսրայելի իշխանությունները դեմ են դրան։
«Ես կարծում եմ, որ երկխոսության միջոցով մենք շատ հեշտ կարող ենք լուծել մեր հակասություններն ու հաղթահարել Միացյալ Նահանգների հետ առկա տարաձայնությունները, բայց, ցավոք, Նեթանյահուն ոչնչացրեց այս դիվանագիտական ջանքերը»,- ասել է նա ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, հարցազրույցը հրապարակվել է Х սոցիալական ցանցում։
ԻԻՀ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները մեկուկես տարի առաջ մահափորձ են կատարել իր դեմ:
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը երբեք ոչինչ չի ցանկացել՝ բացի «մեր իրավունքները հարգելուց» և խաղաղ ու հանգիստ ապրելուց, սակայն անհրաժեշտության դեպքում ունակ է պաշտպանվելու։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ինչպես օգնել լուծելու մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրները և այնտեղ խաղաղություն հաստատելու, այնպես էլ կարող է «տարածաշրջանը թողնել հավերժական պատերազմների մեջ»:
Նախագահը նաև նշել է, որ Իրանում ԱՄՆ ներդրումների հանդեպ որևէ սահմանափակում չկա։ «Ոչ մի սահմանափակում չկա, և ոչինչ չի արգելում ամերիկացի ներդրողներին գալ Իրան և ներդրումներ կատարել մեր երկրում»,- ասել է նա և ընդգծել, որ Իսրայելը նման զարգացում չի ցանկանում։