հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Յուրաքանչյուր տարի միջինում 3000 երեխա առաջին դասարան չի գնում՝ դուրս մնալով դպրոցական կրթությունից. Սվաջյան

Յուրաքանչյուր տարի միջինում 3000 երեխա առաջին դասարան չի գնում՝ դուրս մնալով դպրոցական կրթությունից. Սվաջյան

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ հավելելով, որ տվյալների ստուգման փուլին հաջորդելու է հայտագրման գործընթացը։ 

«Հունիսի 9-ից 22-ը հայտագրումը կբացվի առաջնահերթություն ունեցող երեխաների համար։ Այս փուլում կարող են հայտագրվել այն երեխաները, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ դպրոցում, կամ որոնց ծնողները տվյալ դպրոցում ուսուցիչ են աշխատում։ Կարող են նաև այս փուլում իրենց երեխաներին հայտագրել պետական այն աշխատողները, որոնք գործուղվել են տվյալ բնակավայր առնվազն 6 ամիս ժամկետով»,-ասաց Սվաջյանը։  

Հունիսի 24-ից կմեկնարկի հայտագրման հաջորդ փուլը արդեն մնացած բոլոր երեխաների համար։ Հայտագրումը բաց է լինում ամբողջ տարվա ընթացքում, սակայն քանի որ դպրոցներում լիցենզիայով տեղերը սահմանափակ են, խորհուրդ է տրվում ծնողներին ուշադիր լինել և հարթակը բացվելուն պես հայտագրել։ 

Այս տարի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում նոր կարգ է գործելու։ Մասնավորապես, 6 տարեկանից բարձր երեխաները պետք է սովորեն իրենց տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանան այդ դասարանում։ Այս պարագայում ընդունելությունն այլ ընթացակարգով է։ Ծնողները պետք  է մոտենան դպրոց, դիմում գրեն։ Ակնկալվում է, որ այս տարի 30 հազարից ավելի առաջին դասարանցի կլինի։ Նախարարի տեղակալը նկատեց, որ յուրաքանչյուր տարի միջինում 3000 երեխա առաջին դասարան չի գնում։ 

«Պատճառները տարբեր են, փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 տոկոսը դպրոց չի գնում։ Նրանք ընդգրկվում են դպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկում։ Պատճառները կարող են կապված լինել  զարգացման խնդիրների հետ, ինչն օբյեկտիվ է, բայց լինում են դեպքեր, երբ ծնողները նպատակահարմար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, լուրջ չեն վերաբերում»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։ 

Հարցին, թե արդյոք չկա մտավախություն, որ միանգամից 2-րդ դասարան գնացող երեխաները դժվարություններ կունենան և հետ կմնան կրթական պրոցեսից, Արաքսյա Սվաջյանը նշեց, որ նման ռիսկեր կան և դպրոցները ստացել են հանձնարարականներ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար։ 

  • Կիսվել: