երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Պարետի որոշմամբ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները

Պարետի որոշմամբ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները

Արդեն իսկ հրապարակվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Այս կապակցությամբ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.

«Ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

առողջապահական կարիքների համար՝

  • բժշկական անձնակազմի խրախուսում.
  • բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերում.
  • բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում.

սոցիալական կարիքների համար՝

  • բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում.
  • օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում.
  • տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:

Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին», և ցանկության դեպքում նշել նաև այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցներն օգտագործվեն:

Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947

  • Կիսվել: