Ադրբեջանը ԵՄ-ին հայտնում է, թե Հարավային գազային միջանցքի և Անդրադրիատիկ գազատարի հզորությունները արդեն սպառվել են
Ադրբեջանը հետաքրքրված է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների հետ նոր էներգետիկ գործընկերության հաստատմամբ։ Այս մասին «Hospodarske noviny»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն ներկայումս ուղղակիորեն գազ է մատակարարում ութ եվրոպական երկրների, ադրբեջանական վառելիք ստացող ԵՄ երկրների ընդհանուր թիվը հասնում է 12-ի։
Հաջիևը հայտնեց, թե գազի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը տեղի է ունենում առանց որևէ քաղաքական ենթատեքստի, թե բա՝ «բացառապես առևտրային հարց է»։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցության անդամ երկրներին գազի մատակարարումները մեծացնելու համար Ադրբեջանը պետք է հասնի ԵՄ-ի հետ համագործակցության նոր մակարդակի, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ինչպես ասել է Հաջիևը, հանրապետությունը Կասպից ծովում ունի վառելիքի հարուստ պաշարներ։ Սակայն Հարավային գազային միջանցքի և Անդրադրիատիկ գազատարի հզորությունները արդեն սպառվել են, ուստի Բաքուն կարևոր է համարում դրանց տեխնիկապես ընդլայնումը։