«Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա ո՛չ 2021-ին, ո՛չ 2022-ին զբաղեցրած դիրքերից». Ալիև
՛՛Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի քայլ չենք անի ո՛չ 2021 թվականին, ոչ էլ 2022-ին զբաղեցրած դիրքերից՛՛: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանից Հայաստանի պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան։ Իսկ Հայաստանն ՛՛օկուպացված՛՛ է պահում ՛՛մեր գյուղերը՛՛, և դա անթույլատրելի է: Ութ գյուղերի հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովի օրակարգում է:
Խոսելով զորքերի ՛՛հայելային հետքաշման՛՛ մասին՝ Ալիևն ասել է. ՛՛Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը դուրս բերեն իրենց զորքերը: Ես հարցրեցի, թե ուր տանել նրանց: Նրանք ինձ ասացին, թե որտեղից են եկել: Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու՞ վերադառնանք։
Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր։
Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում (Ակնա-խմբ.) է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թվականի մայիսին, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի՛՛:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացին՝ նա նշել է, թե համապատասխան հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս: Այնտեղ, նրա խոսքով, օրակարգային մեկ հարց կլինի` ՛՛Ղազախ-Թովուզ շրջանի սահմանազատման հարցը՛՛:


