Բաքուն վստահեցնում է, որ ռազմական օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային
Բաքուն վստահեցնում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին որևէ ռազմական բաղադրիչ չի մատակարարում, սլովակական «Hospodarske noviny» հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ռուսաստանը մեր հարևանն է։ Մենք նրա հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Եվ մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալը ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություն է։ Բայց նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ (...) Միևնույն ժամանակ, պետք է ընդգծեմ ևս մեկ բան. Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր անկյունաքարը տարածքային ամբողջականության բացարձակապես անխախտ սկզբունքն է։ Մեր երկիրը անցյալում մեծապես տուժել է այս սկզբունքի խախտումից։ Հետևաբար, մենք միանշանակ աջակցում ենք այլ երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Բայց միևնույն ժամանակ, մենք հեռու ենք մնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախմանը որևէ կերպ միջամտելուց», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության մեջ որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից»։ «Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են էլեկտրական գեներատորները։ Մենք որևէ կերպ ներգրավված չենք ռազմական օգնության մեջ, մենք որևէ նման գործողությունների մաս չենք կազմում», - ընդգծել է նա։