երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ պատգամավորին ազատությունից զրկելու հիմքերի մասին

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ պատգամավորին ազատությունից զրկելու հիմքերի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի՝ հուլիսի 8-ի նիստին ներկայացրեց միջնորդագիր, որպեսզի օրենսդիրը տա համաձայնություն՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու:

Գլխավոր դատախազը ներկայացրեց կալանավորման հիմքերը: Վարդապետյանը հիշեցրեց՝ Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ պատգամավորական մանդատով պայմանավորված՝ նա ունի կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության շրջանում:

«Այս հագամանքն էականորեն բարձրացնում է նրա կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հնարավոր հավանականությունը:

Միևնույն ժամանակ, Արթուր Սարգսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքերի կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը, և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում այն մասին, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլ նաև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը:

Հետևաբար, այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ անձի ազատության իրավունքը սահմանափակելիս կարևոր դերակատարում ունի նրա ունեցած դերը հասարակության մեջ, զբաղեցրած պաշտոնը և հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, մինչդատական վարույթին բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավորությունը ևս»,- ասաց նա:

Ըստ Վարդապետյանի՝ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հացանքների իրագործմանը՝ այդ կերպ կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք:

«Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասաց նա և ներկայացրեց միջնորդություն՝ տալու համաձայնություն, որպեսզի Արթուր Սարգսյանը զրկվի ազատությունից:

  • Կիսվել: