երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Սա ընդդիմության համար շատ լավ նվեր էր. այս իրադարձությունները ստվերեցին նրանց արածները. Հովհաննիսյանը՝ ԱԺ հրմշտոցի մասին

Սա ընդդիմության համար շատ լավ նվեր էր. այս իրադարձությունները ստվերեցին նրանց արածները. Հովհաննիսյանը՝ ԱԺ հրմշտոցի մասին

Շատ վատ բան է տեղի ունեցել, և ԱԺ-ում ցանկացած նման իրավիճակն առաջին հերթին շատ տհաճ է մեզ համար, որ այդ պահին դահլիճում ենք, և, բնականաբար, մեր ժողովրդի համար, որը բոլորովին այլ ակնկալիքներ ունի ՀՀ ԱԺ-ից: Ցավում ենք գործընկերներս էլ, ես էլ այս միջադեպի համար, ներողություն ենք խնդրել ևս մեկ անգամ բոլոր ականատեսներից, այդ բառամթերքը լսողներից: Նաև մեր գործընկերների անունից այս բառամթերքի համար ներողություն եմ խնդրում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներն իր գործընկերների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, նաև իր հասցեին է հնչել արտահայտություն, որին էլ պատգամավորն արձագանքել է:

Անդրադառնալով խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպի պատճառներին՝ Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Արթուր Սարգսյանը, արտահայտություններ անելով, դուրս էր գալիս դահլիճից, և մեր գործընկերներն արձագանքել են իր արած արտահայտությանը: Դրանից էլ սկսվել է այս վիճաբանությունը:

Եվս մեկ անգամ արձանագրում եմ, որ լավ կլիներ և ճիշտ կլիներ, որ նման իրավիճակ չլիներ: Սա նաև ստվերեց այն ճշմարտությունները, որոնք հնչել են և հնչեցին արդեն ԱԺ-ում՝ կազմակերպվող ահաբեկչական ակտի մասին: Սա ընդդիմության համար շատ լավ նվեր էր. այս իրադարձությունները ստվերեցին նրանց արածները»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում առավոտյան տեղի էր ունեցել հրմշտոց, որն սկսվել էր այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի քննարկման շրջանակում հայտարարել էր, որ պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ գնալու է եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին:

Արթուր Սարգսյանին առնչվող միջնորդագիրը վերաբերում է ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։

  • Կիսվել: