երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Եվրոպական խորհրդարանում հիշատակել են Սրեբրենիցայի ջարդերի 30-րդ տարելիցը

Եվրոպական խորհրդարանում հիշատակել են Սրեբրենիցայի ջարդերի 30-րդ տարելիցը

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում իր լիագումար նիստը մեկնարկել է Սրեբրենիցայի ջարդերի զոհերին հարգանքի տուրք մատուցելով։  

Նիստի բացումից հետո Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հիշեցրել է, որ հուլիսի 7-ին լրանում է Սրեբրենիցայի ջարդերի 30-րդ տարելիցը և պատգամավորներին առաջարկել է հարգել 1995 թվականի Սրեբրենիցայի ջարդերի զոհերի հիշատակը, որի ժամանակ հազարավոր բոսնիացի մուսուլմաններ սպանվեցին կամ անհետ կորան, իսկ տասնյակ հազարավորները հարկադրաբար տեղահանվեցին այդ գոտուց։ 

ԵԽ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին ջարդերի երկու վերապրածների՝ Լամասա և Ալմիր Սալիհովիչներին, որոնք ներկա էին նիստերի դահլիճում։ 

«Այս ժողովը հարգում է ձեզ և բոլոր վերապրածներին, ինչպես նաև շարունակում է կենդանի պահել զոհերի հիշատակը»,-իր ելույթում ասաց Ռոբերտա Մեցոլան։ 

ԵԺԿ խմբակցության անունից հանդես եկող Օնդրեյ Կոլարն իր ելույթում նշել է, որ 30 տարի անցկացրել են այն համոզմունքով, որ նման բան երբեք չպետք է կրկնվի, բայց աշխարհում շարունակում ենք ականատես լինել նոր վայրագությունների։ 

«Սրեբրենիցայում կորսված անմեղ կյանքերը պետք է ամեն օր հիշեցնեն մեզ, որ ատելությունն ու ներման բացակայությունը հող են ստեղծում նոր հակամարտությունների, նոր ցավի ու նոր վշտի համար։ Դրանք պետք է հիշեցնեն մեզ, որ արդեն տեղի ունեցածը պարզապես դատապարտելը բավական չէ. պետք է գտնենք քաջություն ՝ կանխելու նման ողբերգությունները»,-ասել է Կոլարը։ 

Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անունից հանդես եկող պատգամավոր Մատյազ Նեմեցն իր խոսքում նշել է, որ Սրեբրենիցայի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ պետք է ևս մեկ անգամ վերհիշել, որ այն սկսվեց մի հռետորաբանությամբ, որը վտանգավոր կերպով նման էր այն հռետորաբանությանը, որն ազգայնականները նույնիսկ այսօր կիրառում են փոքրամասնությունների դեմ։ 

 

  • Կիսվել: