Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխությունները
Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նախիջևանի Սահմանադրության նախաբանը էական փոփոխությունների է ենթարկվում՝ առաջին և երկրորդ պարբերությունները ամբողջությամբ վերացվում են։
«Ըստ գործող օրենսդրության՝ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը հիմնված է 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքում և 1995 թվականի նոյեմբերի 12-ի համազգային հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։
Բացի այդ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահը այլևս չի համարվի ինքնավարության բարձրագույն պաշտոնատար անձ։
Առաջարկվում է նաև փոխել Գերագույն Մեջլիսի ընտրությունների նշանակման կարգը։ Գործող օրենսդրության համաձայն, Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահն է նշանակում Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի ընտրությունները։
Այնուամենայնիվ, փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի նախագահը կնշանակի Գերագույն Մեջլիսի ընտրությունները՝ հիմնվելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի առաջարկների վրա։