Դուք տեսաք՝ շակալների նման ոնց հարձակվեցին ինձ վրա. իմ գործընկերներն իրենց պատասխանը տվեցին. Արթուր Սարգսյան
Հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ այս իշխանություններին հեռացնելու է։ Այս մասին, այսօր՝ ՔԿ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը քիչ առաջ ԱԺ քվեարկությամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նա անցնում է ահաբեկչության եւ իշխանությունը բռնի տապալման կազմակերպման գործով։
«Մենք գործ ունենք բռնապետության հետ, բայց դա չպետք է հիասթափեցնի որեւէ մեկին։ Սա իմ երկրորդ կալանքն է լինելու։ Ես չեմ հիասթափվել եւ կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին համախմբված պայքարել։ Պայքարն է արդյունք ունենում առանց պայքարի արդյունք չկա»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ 2021–ին էլ ինքը ԱԺ–ում նստած է եղել, երբ իրեն տեղեկացրել են, որ առանց իր ներկայության դատավոր Արմեն Դանիելյանը կալանքի որոշում է կայացրել իր նկատմամբ. «Այնտեղից ես առանց իմ կնոջը հաջող անելու գնացել եմ կալանավայր։ Դա իմ որոշումն է։ Այսօր էլ, որ ես այստեղ եմ, դա իմ որոշումն է։ Թե ինչ կանեն, չեմ կարող ասել։ Ես ոչինչ չեմ բացառում, բայց սա իմ որոշումն է, եկել եմ, որ իրենց գործը արագ անեն։
Ուզում եմ իմ աջակցությունը հայտնեմ Բագրատ Սրբազանին՝ իմ եղբորը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ է վիճակվել այս մեկ տարին իր հետ ճանապարհ անցնելու։ Ես իրենից շատ բան եմ սովորել։ Մարդ, որ իր ամբողջ կյանքը նվիրել է եկեղեցուն, հիմա նվիրեց հայրենիքին։
Այն, ինչ ասվում է, ամբողջը սուտ ու կեղծիք է, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Մենք իհարկե, 24 ժամ պայքարել ենք ու պայքարելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներով իրականացնենք իշխանափոխություն։ 4 տարի ինչ փողոցում արել ենք, նույնը պլանավորել ենք անել ավելի կազմակերպված։ Եթե մենք տեռորիստ ենք, 4 տարի առաջ պետք է կալանավորեին։ Այդ ամեն ինչը փուչիկ է»,–ասաց Արթուր Սարգսյանը եւ ազատազրկված 16 հոգուն ուժ ու կորով մաղթեց։
«Ճնշումներն ինչքան էլ մեծանան, իմ լավատեսությունը չի կորելու, որովհետեւ ես հավատքով մարդ եմ։ Այսօր այն, ինչ մեր երկրում տեղի է ունենում, Աստծո եւ սատանայի պայքարն է։ Մեր հաղթանակը լինելու է»։
Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցած ԱԺ դահլիճից իր դուրս գալու պահին, ինչու ՔՊ–ական Վահե Ղալումյանը մտեցավ իրեն, որից էլ սկսվեց միջադեպը, Արթուր Սարգսյանն ասաց. «Չեմ ուզում տենց մանր մարդկանց, մանրուքներին անդրադառնամ, ընդամենը ինչ–որ ասեց, ես ասացի՝ հանգիստ նստի տեղդ։ Դա պլանավորած էր, դուք տեսաք։ Ես իմ ելույթի ժամանակ արդեն զգում էի՝ ինչ է կատարվում։
Ես իմ ելույթն ունեցա, դուրս էի գալիս, բայց տեսաք՝ շակալների նման ոնց հարձակվեցին։ Իմ գործընկերներն իրենց սաստեցին ու պատասխանը տվեցին։
Մարդիկ ասում են՝ գնում եք ԱԺ ծեծ եք ուտում։ Ոչ, մենք ԱԺ–ում պայքարում ենք, դա պայքարի տեսակ է։ Այ պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք»։
Արթուր Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այսօր ժողովրդին համախմբելու, առաջ տանելու մեջ մեծ դեր ունի եկեղեցին. «Սա քաղաքական խնդիր չէ, այսօր եկեղեցին կարող է համախմբել մեր ժողովրդին»։
Այժմ գլխավար դատախազը Աննա Վարդապետյանը ներկայացնում է նրան կալանքի տանելու մջինորդությունը: